Քանաքեռում պայթյուն է տեղի ունեցել «Hyundai Elantra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
Այսօր՝ հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարկավագի փողոցում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ ավտոմեքենա է պայթել և կան տուժածներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել պայթյունի հետևանքով տուժած «Hyundai Elantra»-ի վարորդին և նրա ուղևորին:
Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհի բռնկումով պայթյունը տեղի է ունեցել նշված ռուսական եկեղեցու հարևանությամբ գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան մոտ կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդին և ուղևորին օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնել:
Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, նրա հետ եղած ուղևորի և վնասներ կրած «Նատալի Ֆարմ» դեղատան սեփականատիրոջ ինքնությունը: