Պուշկինի անվան դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍՆ դիմաց
Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողները հավաքվել են ԿԳՄՍ նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ։
Ծնողներից մեկը նախարարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց. «Նատալյա Ստեփանյանի՝ վերջին փուլ չանցնելու որոշումը բողոքարկվել է։ Ձևավորվել է բողոքարկման հանձնաժողով, 5 անդամից 4-ը նախարարության ներկայացուցիչներ են։ Մենք մտավախություն ունենք, որ որոշումը կլինի կամայական, ոչ թափանցիկ։ Որպեսզի ապահովենք թափանցիկություն, օբյեկտիվություն, առաջարկում ենք, խնդրում ենք, որպեսզի հանձնաժողովի նիստին ներկա լինի Նատալյա Ստեփանյանը, ծնողական ու մանկավարժական խորհրդից ներկայացուցիչներ»։
Եթե բողոքարկման արդյունքները դրական լինեն, 3 օրվա ընթացքում պետք է հայտարարվի նոր մրցույթ։
«Ոչ մի նոր թեկնածու չի կարողանա մասնակցել տնօրենի մրցույթին առանց ներկայացնելու դպրոցի զարգացման ծխրագիրը ծնողական խորհրդին։ Միայն ծնողական խորհրդի կողմից այդ ծրագիրը հաստատելուց հետո հավակնորդը կկարողանա մասնակցել մրցույթին»,–ասաց նա։
6 ծնող գնաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանի հետ հանդիպման։ Նախարարությունից են պատրաստակամություն հայտնել հանդիպել 6 ծնողի հետ։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ շաբաթվանից դպրոցում լարված վիճակ է. աշակերտները, նրանց ծնողները, ուսուցչական անձնակազմն իրենց աջակցությունն են հայտնում դպրոցի երկարամյա տնօրեն Նատալյա Ստեփանյանին, ով, Երևանի քաղաքապետարանի հաղորդմամբ, տնօրենի պաշտոնի համար մրցույթի հարցազրույցի փուլում հաղթող չի ճանաչվել։