ՊԵԿ-ն արձագանքել է Մ. Աջապահյանի գրառմանը
Հայաստանի պետեկամուտների կոմիտեն արձագանքել է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմանը: Աջապահյանին վրդովեցրել էր ան, որ ՊԵԿ-ի նամակում ինքը ներկայացվել էր որպես «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գեւորգ Աջսպահյան»:
ՊԵԿ-ի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մեծ հարգանք ունենալով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների հանդեպ` ՊԵԿ-ն այս պահին ուսումնասիրում է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ֆեյսբուքյան գրառմամբ բարձրացված խնդիրը, որի առնչությամբ կտա պարզաբանում եթե դրա անհրաժեշտությունը լինի»:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը Պետական եկամուտների կոմիտեից անհասկանալի ձևակերպումներով գրություն էր ստացել.
«Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը՝ գտնելու սույն մարդուն»,-իր ՖԲ էջում գրել էր Աջապահյանը։
Նա նաև հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, Գյումրու քաղաքի Մայիսյան Ապստամբության 1 հասցեով գրություն է ուղարկել և դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, վերջինիս զգուշացրել է, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր: