Պետությունն իրավունք չունի որոշելու, թե ով պետք է լինի եպիսկոպոս, պետք է դադարեցվի Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդումը. փաստաբան
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ, մեկնարկել է Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը։
Վեհափառ Հայրապետի փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր հայտարարեց, որ պետությունն իրավունք չունի որոշելու, թե ով պետք է լինի եպիսկոպոս։
«Սույն գործով բավարար չէ պնդել, որ Հայրապետական տնօրինությունը հակասել է դատական ակտի նպատակին։ Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը բացառապես հոգևոր, կանոնական, կրոնական բնույթի ակտ է»,- նշեց նա։
Փաստաբանի խոսքով՝ պետությունն ու քննչական մարմինները իրավասություն չունեն սահմանելու, թե ով է հանդիսանում եպիսկոպոս, ով կարող է կրել հոգևոր աստիճան։
Վեհափառ Հայրապետի պաշտպանը հայտարարեց, որ պետք է դադարեցվի Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդումը։
«Քրեական վարույթը ենթակա է կարճման, Կաթողիկոսին մեղսագրվողը հանցագործություն չէ»,- պնդեց Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսներ մեղադրյալի կարգավիճակում են. նրանք մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան Սրբազանները։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ավելի ուշ՝ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ, քրեական գործ հարուցվեց նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ ու արգելվեց Կաթողիկոսին լքել երկիրը:
Մարտի 13-ին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին կրկին կանչել էին ՀՀ քննչական կոմիտե, որ լրացուցիչ ցուցմունք տան, իսկ դրանից մեկ օր առաջ էլ Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին էին Քննչական կոմիտե կանչել։
Հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի էր ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկ էր ներկայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ավելի ուշ Մայր Աթոռը հաղորդագրություն տարածեց, որ հայրապետական տնօրինությամբ՝ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։



