երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Պարտքերի տակ ենք, վարչապետը շրջագայում է, չի՞ մտածում, որ անգործ ենք մնացել. «Մուլտի տաբակ»-ի աշխատակից

Պարտքերի տակ ենք, վարչապետը շրջագայում է, չի՞ մտածում, որ անգործ ենք մնացել. «Մուլտի տաբակ»-ի աշխատակից

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի տաբակ» ընկերությունը 1 շաբաթից ավելի է կապարակնքված է և չի աշխատում: Ընկերության աշխատակիցներն այսօր հավաքվել են փակված գործարանի մոտ՝ պահանջելով վերաբացել իրենց աշխատատեղերը:

«Պահանջում ենք, որ մեր աշխատանքի վայրը բացվի, մենք մարդավարի աշխատենք, հոգանք մեր ընտանիքի հոգսերը, մեր հարկերը, վարկերը։ Ողորմություն չենք ուզում, պաշտոն չենք ուզում, մեր գործարանի վերաբացումն ենք ուզում։ Ի՞նչ է նշանակում քաղաքականության համար մի ամբողջ գործարան փակել, մարդիկ սոված-ծարավ պատերի տակ մնան»,- հայտարարեց ընկերության աշխատակիցներից մեկը:

«Մուլտի տաբակ»-ի աշխատակցուհիներից մեկը ևս բողոքեց իշխանության գործողություններից, որի հետևանքով իրենք հարկադիր պարապուրդի են մատնվել:

«Պահանջում ենք գործարանը բացեն՝ աշխատենք։ Բոլորս վարկերի, պարտքերի տակ ենք։ Սենց ո՞նց կլինի։ Արդեն 9 օր է՝ չենք աշխատում։ Եթե գործարանը չբացեցին, ամեն ինչի ընդունակ ենք»,- բողոքեց աշխատակիցը:

Ընկերության մեկ այլ աշխատակից էլ հավելեց. «Վարչապետը ամբողջ երկրով շրջագայում է, սելֆի է անում, չի՞ մտածում, որ 15 հազար աշխատող անգործ է մնացել, զզվել ենք արդեն, ի՞նչ են մտածում»:

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ընկերություններ 1 շաբաթից ավելի է՝ կապարակնքված են: Մի քանի ընկերությունների աշխատակիցներ երեկ միաժամանակյա ակցիաներ էին անցկացնում ձեռնարկությունների մոտ՝ պահանջելով բացել ձեռնարկությունների կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։

Հարկադիր պարապուրդում գտնվող գործարանների աշխատակիցները հայտարարում են՝ եթե իրենց աշխատատեղերը չբացվեն, պատրաստվում են ծայրահեղ քայլերի գնալ՝ պարալիցազնել ճանապարհներ:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Հուլիսի 6-ին մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկել էին Ծառուկյանի առանձնատունը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներ։

  • Կիսվել: