երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ոտքերս էլ են կանդալել, բերանս սկոչով փակել ու սկսել են հարվածել. բռնության ենթարկված քաղաքացին փսխել է

Ոտքերս էլ են կանդալել, բերանս սկոչով փակել ու սկսել են հարվածել. բռնության ենթարկված քաղաքացին փսխել է

Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները հենց իր տանը ծեծի են ենթարկել քաղաքացի Սերգեյ Աբրահամյանին, սկոչով փակեվ բերանն ու ծեծել։  Նա այսօր՝ մայիսի 12–ին, մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ է պատմել իր դեմ ոստիկանների կիրառած բռնություններից։

«Մի խումբ ոստիկաններ ներս են մտել, պառկացրել գետնին ու կանդալել, ես ասում եմ, ինչի՞ եք կանդալում, ես գալիս եմ»,–ասաց նա։

Այնուհետև նրան տեղափոխել են  ոստիկանություն, այնտեղ ծեծել են, ինչի հետևանքով տղամարդը փսխել է։ Միայն դրանից հետո ոստիկաններից մեկն ասել է.  «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք»։

Ս. Աբրահամյանը խնդրել է շտապօգնություն կանչել, սակայն ասել են՝ գնա տուն, տնեցիք կկանչեն։ Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ներկայացրել տեղի ունեցածը։

Իսկ այս ամենը հետևել է այն բանին, երբ նախորդ օրը՝ապրիլի 28-ին Ս. Աբրահամյանը քնած է մնացել ու չի հասցրել ժամանակին՝ ժամը 10։30-ին  ներկայանալ Արամավիրի քննչական բաժանմունք։ Արթնանալուն պես, ըստ իրեն, զանգահարել է ոստիկանություն, ներկայացրել է իրավիճակը։ Ոստիկանությունից ասել են՝ կարող է ավելի ուշ ներկայանալ՝ ժամը 16։00-ին։ Ներկայացել է, բայց չեն ընդունել։

«ՄԻՊ գրասենյակին անմիջապես ներկայացրել եմ, քանի որ նախկինում էլ՝ 2021-ին տարել ծեծել են»,-ասաց քաղաքացին։

Ասուլիսին մասնակից բռնության ենթարկված Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, նայել են տեսանյութերը, այն համոզման է, որ ոչ միայն խոշտանգման տարրեր կան, այլև արժանապատվությունը նվաստացնող։

«Որևէ պատճառ չի եղել անձին բռնության ենթարկելու։ Տուժողը նշում է, թողեք, կգամ։ Այդ տեսանյութերը նկարել է կինը, պատկերացրեք՝ ինչ բռնություններ են եղել ոստիկանության բաժանմունքում»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ խոշտանգման հատկանիիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։

«Անպատժելիություն է, ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս բռնությունները ոստիկանների կողմից»,-ասաց Ա. Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ փաստաբան Արա Ղարագյոզյանն օրեր առաջ ահազանգել էր ոստիկանական խոշտանգումների հերթական դեպքի մասին՝ հրապարակելով տեսանյութ և լուսանկարներ, որոնք փաստում են ոստիկանների՝ քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությունը։

Քաղաքացի Սերգեյ Աբրահամյանը ապրիլի 28-ին որպես վկա ներկայացել է Արմավիրի քննչական բաժին, սակայն նրան չեն ընդունել։ Ըստ Աբրահամյանի՝ հաջորդ օրը մի խումբ ոստիկաններ գնացել են նրա բնակարան։ Քաղաքացին նրանց հետ պատրաստվել է ներկայանալ բաժին, սակայն բնակարան են ներխուժել այլ ոստիկաններ ու Աբրահամյանին բռնության ենթարկել կնոջ աչքի առաջ։ Հետո տարել են ոստիկանության բաժին, որտեղ դաժան ծեծի են ենթարկել։

Դեպքի առնչությամբ ապրիլի 29-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

  • Կիսվել: