Որևէ հողամաս Շվանիձոր, Նռնաձոր հատվածում չի օտարվել ՌԴ սահմանապահներին.Պատգամավոր
Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի սահմանային գոտում գտնվող այգիները, հողամասերն օտարվում են և գնվում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից։ Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որևէ հողամաս Շվանիձոր, Նռնաձոր հատվածում չի օտարվել ՌԴ սահմանապահներին: Այս մասին գրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Պարզվել է, որ խոսակցությունների համար առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Շվանիձոր համայնքին պատկանող այգեգործական մի շարք հողամասեր գտնվում են սահմանային գոտում, իսկ սահմանային գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ է սահմանապահ ծառայությունից ստանալ անցագրեր։ Մեղրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է այդ գործընթացը, այգիների, հողամասերի սեփականատերերի, այգեգործների անձնագրերի և այլ փաստաթղթերի պատճենները վերցվել, համապատասխան ստուգումներ կատարելուց հետո ներկայացվել են ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ նոր անցագրեր ստանալու համար։ Անցագրերը տրվում են մեկ տարի ժամկետով, և այս գործընթացն ամեն տարի կրկնվում է»,- պարզաբանել է պատգամավորը։
Նա նաև հավել է. «Մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին. սա ապացուցված է տասնամյակների պատմությամբ։ Բացի այդ, նման գործընթացները գտնվում են պետության խիստ հսկողության ներքո»: