չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ գյուղերից մեկից «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է

Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։00-ին հայրը՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Կ Ս․-ն, մահացած վիճակում «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխել իր 8-ամյա որդուն, հայրը բժիշկներին հայտնել է, որ երեխան գիշերը ջերմել է։

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան մահացել է իրենց տանից «Սպիտակ» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին։

 Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության  Սպիտակի քննչական բաժին:

  • Կիսվել: