Նոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքից
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի, և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզել են երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Երևանի Տիչինա փողոցի 320 հասցեում գտնվող «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասում ողբերգական դեպքի հետևանքով 3 մահացածներից 2-ի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածներն են Երևանի բնակիչ 37-ամյա Անդրանիկ Անտոնյանը և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Ռազաեվիպուր Համիդ Նաջաֆալինը։ Երրորդ մահացածի ինքնությունը պարզվում է։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է նաև, որ մահացածները «Դեֆանս Հաուզինգ» ընկերության աշխատակիցներ չեն եղել, առնչություն չեն ունեցել «Դեֆանս Հաուզինգ»-ի հետ, պարզապես նրանք աշխատում էին «Շին Վեկտոր» ՍՊԸ-ում և նշված ՍՊԸ-ին պատկանող աշտարակային վերամբարձ կռունկի երկաթյա կոնստրուկցիաները պոկվելու հետևանքով վայր են ընկել, որի ժամանակ նրանք կռունկի վրա աշխատանքներ կատարելիս են եղել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Տիչինա փողոցում ապամոնտաժման աշխատանքներ կատարելու ժամանակ աշտարակային կռունկը շրջվել է և կան զոհեր։
Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ինչից հետո դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ահարոն Գևորգյանի, և ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները՝ պետի տեղակալ Վահե Գևորգյանի և ջոկատի հրամանատար Համբարձում Վարդումյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Մերի Վառյանն ու Գոռ Թումասյանը։
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի, բաժնի պետի տեղակալներ Ռուբեն Գրիգորյանի, Արման Գրիգորյանի և Նարեկ Երանոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնի պետ Է. Բալոյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Մաշտոցի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում էին մահացածների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ աշտարակային կռունկը պատկանում էր «Շին Վեկտոր» ընկերությանը, որը նշված շենքի շինարարության հետ ընդհանրապես կապ չի ունեցել, պարզապես երեկ ժամանել էին, որպեսզի աշտարակային կռունկը ապամոնտաժեին, ինչն էլ, ցավոք, ողբերգական ավարտ էր ունեցել։



