ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՆԳՆ-ն՝ անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

ՆԳՆ-ն՝ անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանել է, որ քաղաքացիների բնակության հասցեներում հայտնաբերված անծանոթ հաշվառումները հիմնականում կապված են նախկին սեփականատերերի կամ նախկին բնակիչների հետ և չեն կարող դիտարկվել որպես ընտրակեղծիքի աղբյուր։ Գերատեսչությունը շեշտում է, որ ընտրելու իրավունքը չի բխում հաշվառումից, իսկ նման ահազանգերը յուրաքանչյուր դեպքում ենթարկվում են մանրամասն ուսումնասիրության։

«Հարգելի՛ քաղաքացիներ,
 
Ձեր տան կամ բնակարանի հասցեով հայտնաբերված անծանոթ հաշվառումները ԻՐԱՎԱՉԱՓ են: Դրանք հիմնականում պահպանված են լինում բնակելի տարածքի նախկին սեփականատերերից կամ նախկինում տվյալ հասցեում փատացի հիմունքներով բնակվող անձանցից։
 
Եթե Դուք տվյալ բնակելի տարածքի սեփականատերն եք կամ սեփականատերերից մեկն եք, ապա Ձեր դիմումի հիման վրա հասցեի հաշվառումից կհեռացվեն անծանոթ անձանց տվյալները։
 
Ընդգծում ենք, որ ընտրելու իրավունքը չի բխում հաշվառումից։ Հաշվառում չունեցող անձինք ևս ունեն ընտրելու իրավունք, եթե հանդիսանում են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի։ Հաշվառումով պայմանավորված միայն որոշվում է, թե անձը՝ որ տեղամասի ցուցակում պետք է ընդգրկված լինի։ Դիմումի հիման վրա ընտրողները մինչև մայիսի 26-ը՝ ժամը 14։00-ն, հնարավորություն են ունեցել նաև փոխելու իրենց ընտրական տեղամասը։
 
Այսպիսով, անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ցանկացած ահազանգ դետալային ուսումնասիրվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից և ընթացքավորվում համապատասխանաբար։
 
Նշենք նաև, 2026 թ. ԱԺ ընտրությունների քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրողների նախնական ցուցակները հրապարակվել են ՆԳՆ և ԿԸՀ կայքերում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ստուգելու դրանք և նմանօրինակ ճշգրտումներ կատարեն՝ դիմելով լիազոր մարմին։
 
Անկախ ընտրություններից՝ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալները տարեկան երկու անգամ թարմացվում են elections.am կայքում, և քաղաքացիները նման ստուգումներ իրականացնելու բաց հնարավորություն ունեն մշտապես ողջ տարվա ընթացքում։
 
Հորդորում ենք՝ չշահարկել հաշվառումների թեման ընտրական գործընթացների շրջանակում, քանի որ դրանք որևէ սցենարով ընտրակեղծիքի աղբյուր չեն կարող հանդիսանալ։ Դրանք ճշգրտությամբ արտացոլում են ՀՀ բնակչության հաշվառումների պատկերն ու բաշխվածությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
 

  • Կիսվել: