ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
 ՆԳ նախարարը Լոռու մարզում ամփոփել է ՆԳՆ ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը․ Արփինե Սարգսյանը հանձնարարականներ է տվել

ՆԳ նախարարը Լոռու մարզում ամփոփել է ՆԳՆ ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը․ Արփինե Սարգսյանը հանձնարարականներ է տվել

Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը նշելով, որ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 334 հանցագործության դեպք է գրանցվել։

Սպանության դեպքեր չեն արձանագրվել։ Քրեական ոստիկանները սպանության փորձի և նախապատրաստության 5 դեպք են բացահայտել։ Հաշվետու ժամանակահատվածում վնասազերծվել են հանցավոր կազմակերպություն և խմբավորումներ։ Նվազել են լատենտային հանցագործությունների հայտնաբերման դեպքերը։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման և կանխարգելման միջոցառումները։

Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ և նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին և ընտանեկան բռնության դեպքերին։ Նախարարը հանձնարարել է շարունակել պարբերական հանդիպումներն ու կանխարգելիչ աշխատանքը՝ ապահովելով ոստիկանության բոլոր ստորաբաժանումների համակարգված ներգրավվածությունը։

ՆԳ նախարարը հատուկ ընդգծել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ արագ և համակողմանի արձագանքի անհրաժեշտությունը, կարևորել պատշաճ իրավական ընթացքի ապահովումը։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության և շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ միջոցառումները։ Առանձին ուշադրություն է դարձվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։

Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ նախարարը կարևորել է պարեկների դերը ոչ միայն ճանապարհային երթևեկության կարգավորման, այլև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում՝ ընդգծելով արագ արձագանքման գործիքակազմի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։
 

  • Կիսվել: