երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում:

ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում  ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ ֆրանսերենի դասավանդման որակի բարելավման նպատակով Ֆրանսիայի դեսպանության հետ նախորդ տարի ստորագրվել է հուշագիր՝  ուսուցիչների վերապատրաստման համատեղ ծրագրի իրականացման նպատակով:

«Նպատակն է զարգացնել ֆրանսերենի դասավանդման որակը և ապահովել իսկապես ֆրանկոֆոն միջավայր: Ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացումն հանրակրթության ոլորտի բարեփոխումներից բխող կարևոր ուղղություն է: Հանրակրթության նոր չափորոշչով հստակ պահանջ է դրվում, որ օտար լեզուների ուսուցումը մեր դպրոցներում պետք է առաջընթաց ապրի», - ասել է Ժաննա Անդրեասյանն ու ծրագիրը կարևորել ոչ միայն ուսուցիչների կարողությունների, այլև ընդհանուր առմամբ ֆրանկոֆոն միջավայրի զարգացման տեսանկյունից:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ 2027 թվականին Հայաստանը հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը, որը, նախարարի դիտարկմամբ, առաջին հերթին ՀՀ հանձնառությունն է՝ զարգացնելու ֆրանկոֆոն միջավայրը, հետևելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնային արժեքներին՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, խաղաղությանը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը՝ ակտիվ համագործակցության և աջակցության համար:

«Ֆրանսիայի հետ բազմաթիվ ուղղություններով առկա է հաջողված համագործակցություն, մասնավորապես՝ կրթության ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։  Սա ևս մեկ վկայություն է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, օրեցօր խորացող և սերտացող համագործակցության»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ վերահաստատելով ՀՀ կառավարության՝ համագործակցությունն ընդլայնելու հանձնառությունը:

 

ԿԳՄՍ նախարարը նաև արդյունավետ ընթացք է մաղթել վերապատրաստումների մասնակիցներին. «Հուսով եմ՝ մեր բոլոր ուսուցիչները վերապատրաստումների արդյունքում իրենց աշխատանքը շարունակելու շատ ավելի մեծ ոգևորվածություն կունենան: Ֆրանսերենի ուսուցիչների ակտիվ ցանց ունենք, ձևավորվել է շատ լավ միջավայր, որը նպաստում է մասնագիտական զարգացմանը»:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս ողջունել է ծրագրի մասնակիցներին. «Շատ մեծ աշխատանք է իրականացվել մեկ տարվա ընթացքում այս փուլին հասնելու համար, ինչի համար շնորհակալ եմ: Հայաստանը, իսկապես, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ մասնակիցներից է: ԿԳՄՍ նախարարության՝ ֆրանսերենի ուսուցման և ֆրանկոֆոն միջավայրի ձևավորման հարցում գործադրած ջանքերը շատ ողջունելի են: Ֆրանկոֆոնիան արժեքների մի ամբողջ համակարգ է՝ խաղաղություն, մշակույթների երկխոսություն: Ֆրանսերենի ուսուցիչների ներգրավվածության, ջանքերի և սիրո շնորհիվ ֆրանսերենն այսօր լայնորեն տարածվում է Հայաստանում»,- ասել է դեսպանը և խոսքն եզրափակել «Սեր չկա, կան միայն սիրո ապացույցներ» ֆրանսիական ասույթով՝ հավելելով, որ սիրո ապացույցները տալիս են ուսուցիչները՝ դասասենյակներում։

«Ֆրանսերենը որպես օտար լեզու․վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի վերապատրաստման առաջին փուլը տեղի կունենա  հունիսի 23-27-ը Երևանում, ինչպես նաև Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Հունիսի 30-ից հուլիսի 4-ը վերապատրաստումներ կիրականացվեն  նաև ՀՀ  Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզերում։ Վերապատրաստման ծրագրին շուրջ 240 ուսուցիչ է մասնակցում:

Եռամյա վերապատրաստման ծրագիրն (156 ժամ) ուղղված է Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների մասնագիտական հմտությունների, գիտելիքների, կարողությունների զարգացմանը, արդիականացմանը։ Ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով կրթական բարեփոխումների պահանջները և համապատասխանում է, մասնավորապես, օտար լեզուների ուսուցման նոր պետական չափորոշիչներին:

 

Ծրագիրն ընդգրկում է 9 մոդուլ, որոնցից 6-ն անցկացվելու է առկա ձևաչափով, 3-ը՝ հեռավար:

  • Կիսվել: