Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին վարորդը «Mercedes»-ով գլորվելով հայտնվել է դաշտում․ վարորդը, եղբայրը և մայրը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եղբայրը մահացել
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Ելենա Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 55-ամյա Գինեվարդ Մ․-ն և 35-ամյա Արմեն Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ։
Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։
Տարածքը նույն վաշտի պարեկները սահմանազատել են։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Արմեն Մ․-ն գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբայրն է, իսկ վիրավորը՝ մայրը։



