Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը հայտնի է «Բաքսյոր Գուգո» անվամբ
Երեկ՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահզանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության խումբը հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները, որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրոթյուն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 32-ամա Գուրգեն Ե.-ն է: Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ Գուրգեն Ե.-ն հիվանդանոց է տեղափոխվել Գևորգ Վարդանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից՝ «աճուկային շրջանի և ծնկի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:
Արդեն տեղում քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները հայտնաբերել են հրազենից կրակված 4 պարկուճ: Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները և մասնակիցների ինքնությունը պարզելու, հանցագործություն կատարողին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի «Բանջարանոցներ» թաղամասում հայտնի «Բաքսյոր Գուգո»-ն է: