Խտրական վերաբերմունք ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ մեր որևէ աշխատակից իրավունք չունի թույլ տալ. Ավինյանը՝ տրանսպորտի միջադեպի մասին
Որևէ տեսակի խտրական վերաբերմունք ՀՀ որևէ քաղաքացու նկատմամբ մեր որևէ աշխատակից իրավունք չունի թույլ տալ, և ոչ միայն ՀՀ քաղաքացու նկատմամբ, այլև առհասարակ յուրաքանչյուր մարդու: Նման խտրական վերաբերմունքն անընդունելի է: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի՝ մայիսի 20-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամի ներկայացրած միջադեպին, որը տեղի է ունեցել ապրիլի 17-ին քաղաքային տրանսպորտում, որին, սակայն, ցայսօր արձագանք չի եղել:
Ըստ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի՝ տրանսպորտի վարորդը ուղևորին ԼՂ-ից լինելու պատճառով իջեցրել է ավտոբուսից՝ կնոջ հասցեին բարձրաձայն ատելության խոսք ասելով: Իսկ միջադեպի պատճառը եղել է այն, որ քաղաքացին վարորդին նկատողություն է արել արագ վարելու համար: Ավագանու անդամը հետաքրքրվեց՝ վարորդը պատժվե՞լ է կամ պատժվելո՞ւ է:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ նոր է տեղեկանում դեպքից, ապա հիշեցրեց, որ երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է վարորդների՝ աշխատանքի ընդունելության տրամաբանությունը փոխելու հարցը:
«Ես անձամբ մոնիտորինգ եմ անում թեժ գծով և «Ակտիվ քաղաքացի» հավելվածով կոնկրետ վարորդների վարվելակերպի հետ կապված բողոքների քանակի մասով, և այստեղ ունենք նվազում, ինչը իհարկե, չի բացառում, որ առանձին դեպքեր կարող են լինել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է վերահսկողական մեխանիզմներին՝ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ լայվ ռեժիմով հետևում են տրանսպորտում տեղի ունեցող միջադեպերին, տեղի ունեցածը տեսաձայնագրվում է, ինչը թույլ կտա այդ դեպքը ևս ուսումնասիրել:
«Եթե ամեն դեպքում խտրական խոսք է հնչել, չեմ կարծում, որ կարող է լինել որևէ արդարացում, և պատասխանատվության համապատասխան միջոցը վրա կհասնի»,- ասաց նա: