Խորհրդարանը շարունակել է քննարկել Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը
Ազգային ժողովը հոկտեմբերի 29-ի նիստում շարունակել է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկումը:
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Կարեն Առուստամյանի թեկնածությունը:
Հարցն ընդհատվել էր մտքերի փոխանակության փուլում։ Պատգամավորները հանդես են եկել ելույթներով, որոնց ավարտից հետո տեսակետներ են հայտնել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա անդրադարձել է ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին, խոսել ներքաղաքական որոշ խնդիրների մասին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ելույթում արդեն հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Կարեն Առուստամյանի թեկնածությանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։ Պատգամավորի խոսքով Հաշվեքննիչ պալատը պետք է գործի անկախ և անաչառ։ Խոսելով թեկնածուի մասին՝ խմբակցության ղեկավարը նշել է․ «Կարեն Առուստամյանն անկուսակցական է, նրա գործունեությունը Հաշվեքննիչ պալատում այս տարիների ընթացքում եղել է բացառապես օբյեկտիվ, արհեստավարժ և օրենքի տառին համապատասխան»։ Արուսյակ Մանավազյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված թեկնածությանը։
Եզրափակիչ ելույթում Կարեն Առուստամյանն անդրադարձել է պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումներին ու դիտարկումներին։ Թեկնածուն նշել է, որ ընտրվելու դեպքում կշարունակի մասնագիտական պահանջկոտությամբ մասնակցել պալատի համատեղ աշխատանքին՝ նպաստելով դրա անկախության ամրապնդմանը և Ազգային ժողովի հետ կառուցողական համագործակցությանը։
Ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության քվեարկությունը՝ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը հայտնել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 90 պատգամավոր։ Կողմ 63, դեմ 27 ձայների հարաբերակցությամբ Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ։


