հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունների շարունակականությունը

Կապահովվի Ղարաբաղից տեղահանված անձանց և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունների շարունակականությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու համար, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցությունների տրամադրման շարունակականությունն ապահովելու համար։

Առանձին խմբերին տրամադրվող ամսական 30 000 դրամի չափով սոցիալական աջակցության միջոցառման շրջանակում որոշմամբ նախատեսվում է երկարաձգել աջակցության տրամադրումը մինչև 2027 թ. հուլիս ամիսը։

Միաժամանակ, 2027 թվականի ապրիլ ամսից նախատեսվում է աջակցության չափը նվազեցնել՝ սահմանելով ամսական 15 000 դրամ՝ նպատակ ունենալով խթանել նրանց սոցիալ-տնտեսական ինքնուրույնությունը։ Հաշվի առնելով, որ Ղարաբաղից տեղահանված կարիքավոր ընտանիքների շրջանում դեռևս առկա են սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքներ, նախատեսվում է շարունակել նրանց լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը՝ ապահովելով աջակցության հասանելիությունը սոցիալական և նյութական դժվարություններ ունեցող ընտանիքների համար։ Ըստ հիմնավորման՝ Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով հնարավորություն ունեն օգտվելու սոցիալական աջակցության գործող այլ ծրագրերից և միջոցառումներից՝ դրանցով սահմանված պահանջներին համապատասխան։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության (ամսական 300 000 դրամ) տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ։

  • Կիսվել: