կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը

Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը

Ս. Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից տոնը Հայ Եկեղեցու մեծ տոներից է, որը հիշատակվում է Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: 301 թ. Խոր Վիրապից Ս. Գրիգոր Լուսավորչի դուրս գալը դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը:

Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց նահատակությունից հետո Հայոց Տրդատ Գ Մեծ արքան և պալատականները հանկարծ հիվանդացել են։ Մոլագարությամբ բռնված արքան թողել է պալատը, վարազի նման շրջել շամբուտներում։

Արքայի քույրը երազում լսել է, որ եղբոր հիվանդությունը կարող է բուժել միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: 13-­ամյա բանտարկությունից հետո Ս. Գրիգորն ազատ է արձակվել: Նրա աղոթքներով ապաքինվել է Տրդատ արքան և դարձել Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության լծակիցը: Քրիստոնեությունը հռչակվել է Հայաստանի պետական կրոն:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսել. երկնքից լույսերի շիթեր են իջել, սկզբում՝ կույսերի նահատակության երեք տեղում, հետո Քրիստոս՝ Միածին Որդին Աստծու՝ ողողված լույսով, իջել է երկնքից և ոսկե ուռով (մուրճով) հարվածել ու ավերել է Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, որտեղ պետք է կառուցվեր հայոց հավատի Սուրբ Տաճարը: Այստեղից առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` իջավ Միածինը: Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմել է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվել է Սուրբ Էջմիածնի՝ Ս. Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը: Քրիստոսի իջման տեղում կառուցվել է Իջման Սուրբ Սեղանը: Մայր Տաճարի, ինչպես և նահատակ կույսերի վկայարանների կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը, Աշխեն թագուհին, Խոսրովիդուխտ արքայաքույրը։

  • Կիսվել: