երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և կազմակերպության ներկայացուցիչներ։

Հանդիպման մեկնարկին նախարար Գևորգ Պապոյանը Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը շնորհավորել է Անուշիկ Ավետյանին՝ նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և համագործակցել նոր թիմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները, միջազգային շուկաներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացման, ոլորտի ռազմավարության և տվյալների վերլուծության կատարելագործման ուղղությունները։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բժշկական զբոսաշրջության զարգացման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են առողջապահության և զբոսաշրջության ոլորտների համագործակցությունը՝ Հայաստանը միջազգային շուկայում որպես բժշկական զբոսաշրջության գրավիչ ուղղություն ներկայացնելու և ոլորտի զարգացման ներուժն արդյունավետ օգտագործելու նպատակով։

Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը տեղեկացրել է, որ Հայաստանին կառաջարկվի 100 կրթաթոշակ՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության առցանց ակադեմիայի դասընթացներին մասնակցելու համար՝ ոլորտի մասնագետների գիտելիքների և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։

Քննարկվել են նաև կայուն զբոսաշրջության զարգացման, միջազգային հարթակների միջոցով Հայաստանի զբոսաշրջային ներուժի առավել լայն ներկայացման և կազմակերպության կողմից տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունները։

  • Կիսվել: