ԿԳՄՍՆ տեղակալը Էստոնիայի պատվիրակության հետ քննարկել է հանրակրթության մեջ ԱԲ ներդրման հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության ԱԳՆ պետքարտուղար Ինգրիդ Կրեսսելի և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) թվայնացման հարցերով տնօրեն Անդրես Արեմանի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակությանը, կարևորել Հայաստան-Էստոնիա փոխհամագործակցության զարգացումը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնությունների իրականացումը՝ շեշտելով թվայնացման` էստոնական փորձի նկատմամբ հետաքրքրվածությունը։
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ վերջերս Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ կրթության, մշակույթի և այլ ոլորտներում ESTDEV-ի աջակցությամբ թվայնացման էստոնական փորձի տեղայնացման հնարավորությունը:
Անդրադարձ է եղել նաև ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում թվայնացման գործընթացին՝ որպես ընթացող բարեփոխումների և միջազգային գործընկերության առաջնահերթ ուղղություն։ Այս համատեքստում նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել են նաև կրթական ծրագրեր, մասնավորապես՝ «Արհեստական բանականության սերունդ» փորձնական ծրագիրը՝ ավագ դպրոցների աշակերտների համար։ Արթուր Մարտիրոսյանը նաև ներկայացրել է Մշակութային արժեքների էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանը (Electronic Database of Cultural Values), որը ներառում է շարժական մշակութային արժեքների մասին թվայնացված, հանրությանը հասանելի տեղեկատվություն:
Քննարկվել են ակադեմիական քաղաքի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, հանրակրթության մեջ արհեստական բանականության ներդրման, Տարտուի և Տալլինի տեխնոլոգիական համալսարանների հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Էստոնիայում թվայնացման մեջ առաջատար Էլեկտրոնային կառավարման ակադեմիայի և ԿՏԱԿ-ի միջև համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: