հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄ

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ․ ՍԱՏՄ

Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հանությունից եկող դիտարկումներն ու անհանգստությունները, արագորեն արձագանքում է և տալիս իր գործառույթներից բխող լուծումներ:

Անդրադառնալով հայրենական կաթնամերքի անվտանգության շուրջ վերջին շաբաթվա ընթացքում հանրային քննարկումներին՝ տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ կաթնամթերք արտադրող ու իրացնող կազմակերպություններում Տեսչական մարմինը պարբերաբար անցկացնում է վերահսկողական միջոցառումներ, հայտնաբերված սանիտարահիգիենիկ խախտումների ու մանրէաբանական անհամապատասխանությունների մասին արվում է պատշաճ հանրային իրազեկում:

Հանրային քննարկումը կենտրոնացած է հիմնականում մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշի վրա, որը համարվում է երկրորդային աղտոտման հետևանք:

Տեղեկացնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սերտորեն համագործակցում է պետական բոլոր կառույցների, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությանը ենթակա Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-հետ:

ՀՎԿԱԿ-ը հստակեցրել է, որ ԱՑԽՄ-ի առկայությունը կարող է վկայել մանրէային աղտոտման, սանիտարահիգիենիկ պայմանների անբավարարության, ինչպես նաև մաքրման և ախտահանման գործընթացների հնարավոր թերությունների մասին։ ԱՑԽՄ խմբի ոչ բոլոր մանրէներն են ախտածին: Դրանց մի մասը բնականորեն հանդիպում է մարդու և կենդանիների աղիքային միկրոֆլորայում, ինչպես նաև շրջակա միջավայրում՝ առանց պարտադիր հիվանդություն առաջացնելու։

Միաժամանակ, այդ խմբի առանձին որոշ շտամներ կարող են առաջացնել առողջական խնդիրներ, որոնք, սակայն, կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել և սննդի գործոնով պայմանավորված զանգվածային թունավորման դեպքեր չեն արձանագրվել:

Սպառողների անվտանգության ապահովումն առաջնահերթությունն է, պատկան մարմիններն անում են հնարավորը հանրության առողջությունը վտանգներից հեռու պահելու համար, աշխատում են հրապարակային և թափանցիկ՝ արագ հանրայնացնելով սննդամթերքի անվտանգության ոլորտում հայտնաբերված ցանկացած խնդիր»։

  • Կիսվել: