Իրանի հայերն ունեն մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներ. Իրանի Գերագույն դատարանի նախագահ
Իրանի Գերագույն դատարանի նախագահ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, որ իրանահայերը քաղաքացիական իրավունքների առումով որևէ տարբերություն չունեն մյուս քաղաքացիների հետ, իսկ նրանց անձնական և ընտանեկան հարցերը կարգավորվում են իրենց կրոնական օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, գրում է parstoday.ir-ը:
«Մեհր» գործակալության հաղորդմամբ՝ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին այս մասին հայտարարել է Հայաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում։ Անդրադառնալով երկու երկրների պատմական կապերին և մշակութային ընդհանրություններին, նա ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև իրավական ու դատական ոլորտներում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն իր հերթին կարևորել է Իրանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։ Նրա խոսքով՝ համապատասխան մարմիններին հանձնարարվել է Իրանի քաղաքացիների մասնակցությամբ քրեական գործերի քննությունն իրականացնել առանձնահատուկ թափանցիկությամբ, ինչպես նաև հնարավորության սահմաններում խուսափել նրանց կալանավորումից և գույքի արգելադրումից։
Պողոսյանը հայտնել է նաև, որ բացահայտվել է խարդախության խոշոր գործ, որի տուժածների թվում եղել են Իրանի քաղաքացիներ։ Նրա խոսքով՝ կողմերը նախնական համաձայնության են եկել դատական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի մշակման, տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ վերապատրաստման դասընթացների կազմակերպման շուրջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նորագույն տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների տնտեսական գործունեությանը խոչընդոտող իրավական ու տնտեսական խնդիրների վերացման հարցերը։



