ԻՊ-ին վերադարձրել եք Դուք և Էրդողանը. Շերը՝ Թրամփին
Ամերիկահայ հայտնի փոփ երգչուհի Շերն իր թվիթերյան էջում անդրադարձել է ահաբեկիչների կողմից Ղամիշլիում Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովվի ու նրա հոր սպանությանը՝ իր խոսքն ուղղելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Եթե Իսլամական պետությունը վերադարձել է, ապա Դուք և Էրդողանը բերեցիք նրանց: Դուք օգնեցիք Էրդողանին քրդերին կոտորելու հարցում: Մարդիկ կտառապեն, կմահանան, Ձեր «սիրելի Էրդողանը» պետք է գոհ լինի: Իսլամական պետությունը սպանել է հայ քահանայի ու նրա հորը: Արդյոք Էրդողանը գնե՞լ է Ձեզ»:
Նշենք, որ երգչուհին այս գրառումն արել է այսօր կեսօրին՝ Վաշինգտոնում սպասվող Թրամփ-Էրդողան հանդիպումից առաջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին։ Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:
Սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: