Հունվարին ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Աշոցքի հատվածում՝ հասնելով -32 աստիճանի․ Սուրենյան
Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում, ինչպես և կանխատեսվել էր, եղել է կլիմայական նորմայից բարձր 4-6 աստիճանով, ամսվա ընթացքում առավելագույն՝ ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության տարածքում գրանցվել Կապանում, որը հասել է + 22 աստիճանի:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Տաք հունվարը նաև ուղեկցվել է բավականին առատ տեղումներով: Մինչև հունվարի 25-ը մենք ունեցել ենք անոմալ բարձր ջերմային ֆոն, և միայն հունվարի 24-25-ից հետո օդի ջերմաստիճանը նվազեց, այն մոտեցավ կլիմայական նորմային, և հունվարի 31-ին Աշոցքի հատվածում գրանցվեց հանրապետության ամենացածր ջերմաստիճանը, որը հասավ -32 աստիճանի»,- նշեց նա:


