երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հիմք կդրվի Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

Հիմք կդրվի Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Վերոնշյալ օրենքում նախատեսվող փոփոխությամբ՝ առաջարկվում է «արգելոց» բառը փոխարինել «հնավայր» եզրույթով: ««Արգելոց» բառն ընդհանրապես վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածքներին և ենթադրում է «արգելելու, սահմանափակելու» կառավարման կարգավիճակ, իսկ միջազգայնորեն ընդունված՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության նմանատիպ ինստիտուցիոնալ միավորները կոչվում են հնագիտական վայրեր՝ Archeological site, որն ուղղակիորեն բխում է նաև վերջիններիս կառավարման և պահպանության կարգավիճակներից»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի՝ օրենսդրական նախաձեռնության շրջանակում փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում նաև քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման մասին օրենքներում։

«Նախագծով հստակեցվում են լիազոր մարմնի կողմից պատմության և մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման, տեղափոխման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքների ու շինարարության թույլտվությունների տրամադրման դեպքերը: Մասնավորապես՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները ԿԳՄՍՆ կողմից տրամադրվելու են միայն ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի հուշարձանների համար»,- պարզաբանել է Ալֆրեդ Քոչարյանը:

Հանձնաժողովը քննարկել է նաև «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին օրենքի» նախագիծը, որը նույնպես զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Աճուրդների համակարգում ամբողջ աշխարհում կարևոր տեղ են զբաղեցնում մշակութային աճուրդները, որոնք խթանում են արվեստի ստեղծագործությունների վաճառքի մեխանիզմների և գործիքակազմի զարգացումը, արվեստի շուկայի ձևավորումը: Այս առումով մշակութային աճուրդները կարևոր հարթակներ են, որոնք ձևավորում և արտացոլում են արվեստի շուկայի զարգացումները»,- նշել է Ալֆրեդ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, որը բացասաբար է ազդում ընդհանուր արվեստի շուկայի կայացման վրա: «Մասնավորաբար՝ կանոնակարգված չեն արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացները: Բացակայում է պատկերասրահների, աճուրդային տների և արվեստագետների միջև համագործակցության էկոհամակարգը, որը կարևոր նշանակություն ունի»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նախագծով հիմք է դրվում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտի կայացմանը, որը կապահովի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը և ընդհանուր միջավայրի կայացումը։

Օրենքի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավում հայկական շուկայում, որն իր հերթին կնպաստի հայ և օտարազգի արվեստագետների, գալերիստների, քննադատների միջև նոր ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը, ինչպես նաև միջազգային շուկաներում հայկական մշակույթի և ստեղծարար ոլորտների ինտեգրմանը, Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին ու առաջարկներին՝ պարզաբանումներ ներկայացնելով դրանց վերաբերյալ:

Քննարկման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ՝ ներկայացված նախագծերը ներառվել են առաջիկա նիստերի օրակարգում:

  • Կիսվել: