Հայը չվերածվեց «թանգարանային նմուշի». Ախալքալաքում հարգել են 1915 թ․ ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատային կանգնեցված խաչքարի մոտ կատարվեց Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի: Ախալքալաքի բնակիչները ծաղիկներ խոնարհեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մոմեր վառեցին Սրբոց Նահատակաց համար, գրում է jnews.ge-ն:
Պատարագիչներն էին Ախալքալաքի Սուրբ Խաչ Առաջնորդանիստ Եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նարեկ քհն. Տիգրանյանը և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանը: Խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։ Քաղաքապետարանի, սակրեբուլոյի, մունիցիպալ կառույցների, իրավապահ և այլ պետական կառույցների աշխատակիցները, հանրային դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու աշակերտները, բանկերի, մասնավոր և հասարակական սեկտորի աշխատակիցները նույնպես ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ։
Հիշատակի արարողությանը ներկա էր նաև Ախալքալաքի Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր հայր Ալեքսանդրը։
«Ցեղասպանությունն այս կամ այն կերպ ազդում է յուրաքանչյուր հայի վրա այս աշխարհում, եթե յուրաքանչյուրիս տոհմը խորապես ուսումնասիրենք, կհասնենք ցեղասպանության ժամանակ զոհված մեր հարազատներին: Ես երբ փոքր էի, դպրոցական էի, հիշում եմ, որ մեզ էքսկուրսիա տարան Ծիծեռնակաբերդ, որից հետո այցելեցինք Ցեղասպանության թանգարան։ Տարբեր ցուցանմուշների մեջ ես ընթերցեցի մի նախադասություն, որը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա: Եվ հիմա, այս միջոցառման ժամանակ, ես հիշեցի այն: Այս նախադասությունը ասվել է Ցեղասպանության կազմակերպիչներից մեկի կողմից. «Մենք պետք է այնպես անենք, որ վերջին հայը թանգարանում ցուցադրվի որպես ցուցանմուշ»։ Չգիտեմ՝ այս խոսքերի հեղինակը կարո՞ղ է դժոխքից տեսնել, թե ոչ, բայց հայերը չեն բնաջնջվել, հայերը հիշում են և կհիշեն ամենուրեք, իսկ արդարության քաղցն ու ծարավը կփոխանցեն սերնդեսերունդ։ Մինչև այն պահը, երբ արդարությունը կվերականգնվի։ Մինչդեռ չլինի ճանաչում և հատուցում»,- իր խոսքում ասաց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Տ. Նշան վրդ. Հմայակյանը:
Շարունակությունը՝ այստեղ: