չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության

Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության

Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու Միկկելիի թեմի առաջնորդ Մարի եպիսկոպոս Պարկկինենի գլխավորած պատվիրակությանը։

Մայր Աթոռից հայտնում են, որ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձել է երկու Եկեղեցիների միջև ձևավորված հարաբերություններին՝ իր գնահատանքը հայտնելով առկա մարտահրավերների պայմաններում Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը ի նպաստ քրիստոնեական արժեքների զորացման, աշխարհում խաղաղության և համերաշխության ամրապնդման։

Իր հերթին Մարի եպիսկոպոս Պարկկինենը Հայոց Հովվապետին փոխանցել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու առաջնորդ Տապիո արքեպիսկոպոս Լուոմայի եղբայրական ողջույնները։ Եպիսկոպոս Պարկկինենը տեղեկացրել է, որ այցի նպատակն է ի մոտո ծանոթանալ Հայոց Եկեղեցու պատմությանն ու ավանդույթներին։

Վերջինս նաև ընդգծել է միջեկեղեցական երկխոսության զարգացման, փոխադարձ զորակցության ու ավետարանական ճշմարտությունների միասնական վկայության անհրաժեշտությունը։

  • Կիսվել: