ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանին ակտիվ սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը 2024-ին ավելի քան 2 միլիարդ դոլարի զենք է գնել. Բաքվի նպատակները վերլուծել է ռազմական փորձագետը

Հայաստանին ակտիվ սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը 2024-ին ավելի քան 2 միլիարդ դոլարի զենք է գնել. Բաքվի նպատակները վերլուծել է ռազմական փորձագետը

Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2024 թվականին ձեռք է բերել 2 միլիարդ 220 միլիոն դոլարի սպառազինություն։ Ադրբեջանը, որը պարբերաբար կեղծ մեղադրանքներ է հնչեցնում, թե Հայաստանն ակտիվ սպառազինություն է ձեռք բերում և իբր պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, ինքն է ակտիվ սպառազինվում՝ 2024 թվականին սպառազինության ձեռքբերումներով զբաղեցնելով Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ 

«Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովի հետ։ 

Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից սպառազինության ակտիվ ներկրումն օբյեկտիվ իրականություն է, բայց ահա ծավալների, ձեռքբերման նպատակների ու վերահսկողության հետ կապված հարցերի հանրագումարն առանձին խոսակցության թեմա է։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունովն անդրադարձավ այն տեղեկատվությանը, որի համաձայն՝ 2024 թվականին Ադրբեջանը և այդ առումով զբաղեցնում է հրապարակած վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ 

«Ադրբեջանական կողմի սպառազինվելու մասին տեղեկատվությունն առկա է նաև բաց աղբյուրներում, առավել ևս, որ զենքի գնումների մի մասի վերաբերյալ Ադրբեջանն ինքն է տեղեկացնում՝ նշելով արդեն գնված զինատեսակների ու նաև ապագայում գնվելիք սպառազինության մասին։ Դրանով Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակներ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը սպառազինության ձեռքբերումը նախ դիտարկում է որպես էական ռեսուրս, որով ժամանակակից աշխարհում փորձում է լուծել նաև քաղաքական խնդիրներ»,- նշեց Հարությունովը։  

Նրա դիտարկմամբ՝ երկրորդ նպատակն այն է, որ Բաքուն ձգտում է հնարավորինս խորացնել իր համար ուժերի բարենպաստ հարաբերակցությունը Հայաստանի համեմատ, ինչը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից հետո։ Թեև Բաքուն անընդհատ ընդգծում է իր զինուժի հնարավորությունները, սակայն այնտեղ կա ընկալում, որ հայկական կողմն էլ որոշակի պայմաններում կարող է սկսել հավասարակշռությունը վերականգնել, և որպեսզի նման բան թույլ չտան, դիմում են սպառազինությունների ծավալների մեծացման և տեսականու ընդլայնման։   

«Չի կարելի բացառել, որ ադրբեջանական կողմի երրորդ նպատակն էլ սպառազինության ծավալները մեծացնելու միջոցով նոր ագրեսիայի, ռազմական կոնֆլիկտի պատրաստվելն է»,- ասաց մեր զրուցակիցը։  

Անդրադառնալով սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմներին` Հարությունովն ընդգծեց, որ դրանք, ցավոք, չեն գործում և նախկինում էլ այդքան արդյունավետ չեն եղել։ Բացի այդ, հայկական կողմը ժամանակին առաջարկեց ստեղծել համատեղ վերահսկման մեխանիզմներ, սակայն Ադրբեջանն այդ հարցում որևէ շահագրգռություն չցուցաբերեց։  

«Մեր տարածաշրջանում խոսքը վերաբերում է սովորական սպառազինությունների մասին պայմանագրին, որն իսկապես պարունակում է հստակ սահմանափակումներ յոթ տեսակի ծանր սպառազինությունների առնչությամբ, որոնք ունեն հիմնական նշանակություն։ Բայց խնդիրն այն է, որ նախկինում էլ, երբ պայմանագիրը լիարժեքորեն գործում էր, դրանում նախատեսված չէին ստուգման և վերիֆիկացիայի հստակ մեխանիզմներ։ Չկար նաև այն հարցի պատասխանը, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի այն երկիրը, որը խախտել է սահմանված քվոտաները, և ինչ հետևանքներ կարող են լինել։ Ադրբեջանը մշտապես խախտել է այդ պայմանագրի դրույթներն ու սահմանափակումներով ամրագրված պայմանները։ Ի դեպ, 2023 թվականին պայմանագրից դուրս եկավ Ռուսաստանը, իսկ 2024 թվականին իր անդամակցությունը սառեցրեց Լեհաստանը, որն, ի դեպ, գլխավորում է սպառազինությունների վերոհիշյալ վարկանիշային աղյուսակը»,- նշեց ռազմաքաղաքական վերլուծաբանը։

Հարությունովի դիտարկմամբ՝ մեր տարածաշրջանի չափից շատ միլիտարիզացված լինելու հանգամանքը պայմանավորված է բնակչության քանակի և սպառազինության համադրման հաշվարկով։ 

«Քանի որ հարավկովկասյան պետություններն, ի տարբերություն այլ երկրների, չեն առանձնանում բնակչության մեծ թվաքանակով, ուստի նշված հաշվարկի համատեքստում սպառազինությունների ծավալների առումով կան ավելի շատ միլիտարիզացված տարածաշրջաններ։ Օրինակ՝ Մերձավոր Արևելքը կամ Հարավարևելյան Ասիան, որտեղ պոտենցիալ հակամարտությունների ծավալներն ավելի մեծ են, քան Հարավային Կովկասում։ Բայց, չնայած այդ դիտարկմանը, մեր տարածաշրջանում առկա իրավիճակը նույնպես մտահոգիչ է»,- ասաց Հարությունովը։

Անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանի սպառազինվելու ներկայիս տեմպերի ու ծավալների պարագայում որքան տրամաբանական է նաև ամերիկյան սպառազինության հատկացումն Ադրբեջանին` Հարությունովն ընդգծեց, որ տարիներ առաջ ամերիկացիներն աֆղանական տրանզիտն իրականացնում էին հենց Ադրբեջանի տարածքով, ինչը թույլ էր տալիս ԱՄՆ-ի նախագահներին կիրառել վետո և այդ կերպ շրջանցել հայտնի 907 բանաձևը՝ զենք-զինամթերք հատկացնելով Ադրբեջանին։      

Ինչպես հայտնի է, 1992 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունեց «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքը (հակիրճ՝ «Ազատությանն աջակցության բանաձև»), որի 907 ենթաբաժնով ԱՄՆ-ի կառավարությանն արգելվել է Ադրբեջանին հատկացնել սպառազինություն։ Թեև ԱՄՆ-ի հայկական համայնքն ակտիվորեն աշխատել և աշխատում է այդ ուղղությամբ, բայցևայնպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բանաձևում կատարված փոփոխությունների արդյունքում ԱՄՆ-ի նախագահին սահմանափակ իրավունք է տրվել հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակավորապես կասեցնել 907 ենթաբաժնի գործողությունը։ Բանաձևի հետ կապված նոր քննարկումները նախատեսված են ապրիլի վերջին և դրանք առավել քան ակտուալ են Ադրբեջանի կողմից շարունակաբար սպառազինվելու ֆոնին։ 

«Այդուհանդերձ, նույնիսկ տվյալ հանգամանքը հիմք չէ, որ ԱՄՆ-ից կարող են լինել մեծածավալ գնումներ, որովհետև ամերիկյան սպառազինությունը բավականին թանկ է, իսկ Ադրբեջանը գլխավորապես համադրում է ռուսական արտադրության ծանր սպառազինությունը՝ զրահատեխնիկան, հրետանին, և ինտեգրում տեխնոլոգիական նոր տարրեր՝ հրթիռային համակարգեր, Իսրայելից և Թուրքիայից ձեռք բերած անօդաչուներ։ Ակնհայտ է, որ Բաքուն շարունակելու է այդ ռազմավարությունը։ Այդուհանդերձ, չի կարելի բացառել նաև առանձին զինատեսակների գնումն ԱՄՆ-ից»,- ասաց վերլուծաբանը։

Հարությունովը հիշեցրեց, որ թեև 907 բանաձևը հայկական լոբբիի ակտիվ աշխատանքի արդյունքն էր, բայցևայնպես կան նախադրյալներ, որ Թրամփի վարչակազմը շահագրգռված է ամերիկյան զենքի վաճառքով և արտահանմամբ, ու եթե տեսնեն նոր հնարավորությունների դաշտ, ապա կարող են անտեսել վերոհիշյալ արգելանքը։ Մյուս կողմից բավականին ակտիվ կոնտակտներ կան ԱՄՆ-ի ազդեցիկ հրեական կազմակերպությունների և ադրբեջանցիների միջև, և վերջիններիս համար բանաձևի վերացումը կարևոր է Միացյալ Նահանգների հետ քաղաքական հարաբերությունների բարելավման ու զարգացման առումով, ինչը ցուցիչ է նաև, որ այդ հարաբերությունները դուրս են գալիս նախկինում առկա սառը վիճակից, ինչն արձանագրվել էր Բայդենի նախագահության օրոք։    

 

  • Կիսվել: