Ապարանում և Լուսագյուղում վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ
Հունիսի 15-ին, ժամը 16:10-ից սկսած ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի և Լուսագյուղ համայնքի տարբեր հասցեներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շենք-շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներում հայտարարվել է անձնակազմի հավաք:
Ըստ Առողջապահության նախարարության՝ նախնական տվյալներով, կա 4 տուժած, որոնք ստացել են առաջին բուժօգնություն։
Ժամը 21։00-ի դրությամբ՝ վնասվել են 43 շենք-շինությունների տանիքներ, 22 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենաներ, տապալվել է 21 ծառ, էլեկտրական 17 սյուն, արևային 3 կայան։
ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և մարտական հաշվարկները սահմանված կարգով սպասարկում են ահազանգերը։
Աշխատանքներին ներգրավվել են 137 փրկարարական ծառայող։