Հաստատվել է 2026 թ. պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը
Գործադիրը հաստատել է 2026 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է տնտեսության տարբեր ոլորտներում գործող ստանդարտների արդիականացման, միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակման, ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի Հանրապետության մասնակցության, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացման և տեղեկատվական սպասարկման ապահովման անհրաժեշտությունից։ Ըստ հիմնավորման՝ ստանդարտացման ոլորտում պետական աջակցության շրջանակում իրականացվում են ազգային ստանդարտների մշակման և վերանայման, միջազգային, եվրոպական, միջպետական և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների, ինչպես նաև ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։ 2026 թ. պետական ստանդարտացման ծրագրով նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ՝ կառավարման համակարգերի, շրջակա միջավայրի և երկրատարածական տվյալների ոլորտներում, ինչպես նաև իրականացնել միջազգային և միջպետական ստանդարտացման աշխատանքներ և ստանդարտների ազգային ֆոնդի վարման ու տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես՝ կառավարման համակարգերի ոլորտում նախատեսվում է մշակել սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև արտադրանքի, գործընթացների և ծառայությունների գնահատման ու սերտիֆիկացմանը վերաբերող ազգային ստանդարտներ։
Շրջակա միջավայրի ոլորտում նախատեսվում է մշակել ջրում պերֆտորալկիլային և պոլիֆտորալկիլային նյութերի (PFAS) որոշման մեթոդը սահմանող ազգային ստանդարտ և այլն։ Ստանդարտների ազգային ֆոնդի մասով նախատեսվում է իրականացնել դրա համալրման, հաշվառման, վարման և արդիականացման, ընդունված ազգային ստանդարտների գրանցման, գործող ստանդարտների ամբողջ տեքստերի էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծման և պահպանման, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման մարմիններին, կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։ Աշխատանքների իրականացումը կնպաստի ՀՀ ստանդարտացման համակարգի արդիականացմանը, տեղական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, միջազգային և տարածաշրջանային շուկաների հետ ինտեգրման գործընթացների ապահովմանը, առևտրում տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը և սպառողների առողջության ու անվտանգության պաշտպանության մակարդակի բարձրացմանը։



