շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոսն ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպանին

Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոսն ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպանին

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Նորին Սրբություն, Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո Երրորդը։

ՀՀ դեսպանն իր երախտիքը հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց Նորին Սրբությանը՝ մաղթելով աստվածահաճո ծառայության երկար, խաղաղ ու առողջ տարիներ։ Ա.Սմբատյանն իր համոզմունքը հայտնեց առ այն, որ Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու նոր պատրիարքի հոգևոր ծառայությունը շարունակությունն է լինելու նախորդների սերմանած քրիստոնյա բարքերի՝ առավել հզորացնելով Եկեղեցին և վրաց ժողովուրդը։

Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ դեսպանին։ Նա կարևորեց հայ ու վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը, որի շնորհիվ և, հանուն որի, երկու ժողովուրդները հավասարապես պայքարել են և կերտել իրենց ինքնությունը։ Շիո Երրորդն անդրադարձավ նաև արդի մարտահրավերներին, որոնց հաղթահարման միակ ճանապարհը համարեց հոգևոր և ազգային արժեքներին հավատարմությունն ու ինքնության պահպանումը։

Նորին Սրբությունը խոսեց նաև Հայ և Վրաց Եկեղեցիների միջև հաստատված ջերմ կապերի մասին` վերահաստատեց Վրաց Եկեղեցու ցանկությունն ու պատրաստակամությունը այդ կապերն առավել խորացնելու և զարգացնելու ուղղությամբ։

  • Կիսվել: