ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Գվատեմալան՝ լուսանկարչական հայացքով Երևանի սրտում

Գվատեմալան՝ լուսանկարչական հայացքով Երևանի սրտում

Մայիսի 8-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է յուրահատուկ և ճանաչողական բնույթ կրող ցուցահանդես, որը նվիրված է Գվատեմալայի Հանրապետությանը։

Միջոցառումը կազմակերպվել է մետրոպոլիտենի և Հայաստանում Գվատեմալայի Հանրապետության հյուպատոսարանի համատեղ նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ներկայացնել մեզ այդ հեռավոր, սակայն հմայիչ երկրի մշակութային ու բնության գանձերը։

Ցուցահանդեսը ներկայացնում է գվատեմալացի լուսանկարչի աշխատանքները, որոնց միջոցով այցելուները կարող են տեսողական ճանապարհորդություն կատարել դեպի Գվատեմալա՝ ծանոթանալով նրա շքեղ բնությանը, բազմազան մշակույթին, մարդկային կերպարներին և ազգային առանձնահատկություններին։

Յուրաքանչյուր լուսանկար խոսում է իր լեզվով՝ ներկայացնելով մի երկիր, որի մասին մենք շատ քիչ գիտենք, սակայն որը արժանի է բացահայտման։ Ցուցահանդեսն ունի ճանաչողական նպատակ՝ նպաստելով Հայաստանի քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը Գվատեմալայի վերաբերյալ։

Այն մոտ 20 օր հասանելի կլինի «Երիտասարդական» կայարանում՝ դառնալով յուրահատուկ կանգառ, որտեղ կարող ես ոչ միայն սպասել մետրոյի գնացքին, այլ նաև մտքով մեկնել ճամփորդության դեպի Լատինական Ամերիկա։ Թերևս այս նախաձեռնությունը կլինի այն փոքրը, որ կբացի դուռ դեպի մեծը՝ իսկական ճամփորդություն դեպի Գվատեմալա։ Իսկ մինչ այդ՝ ֆոտոշարքն արդեն հնարավորություն է տալիս սիրահարվել այդ երկրին։

  • Կիսվել: