կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։

Նախարարությունից հայտնում են, որ փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա խորագիրն է՝ «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ»։

Փառատոնի մեկնարկին ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ու Հ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ նա շրջել է տաղավարներով, ծանոթացել վարպետների աշխատանքներին, զրուցել մասնակիցների հետ։
Իր ելույթում նախարարը կարևորել է փառատոնի անցկացումը Գավառում՝ ընդգծելով, որ անցյալ տարի Գավառը ՀՀ երիտասարդական մայրաքաղաքն էր և արդեն ապացուցել է՝ այստեղ երիտասարդության շունչն ու էներգիան անսպառ են, և այս փառատոնի գաղափարը լիովին ներդաշնակ է երիտասարդների ստեղծագործ մտքին։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մշակութային ժառանգության մասին խոսելիս հաճախ պատկերացնում ենք միայն նյութական արժեքները՝ հուշարձաններ, պատմամշակութային կառույցներ, սակայն ոչ նյութական մշակութային ժառանգությունը նույնքան կարևոր է։

«Այսպիսի փառատոները հնարավորություն են տալիս խտացված տեսքով նկատել այն ամենը, ինչ իրականում ապրում է մեր առօրյայում։ Մենք կրում ենք զարդեր, օգտվում ենք որոշակի առարկաներից, խոհանոցում պատրաստում ենք ուտեստներ, որոնց հիմնական մասը նույնպես մշակութային ժառանգություն է», – ասել է նախարարը՝ շեշտելով ազգային խոհանոցի պահպանման և զարգացման կարևորությունը։ Նա առանձնահատուկ ընդգծել է վարպետների դերը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներ՝ նշելով, որ ոչ նյութական ժառանգությունը կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են ստեղծագործել և այն վերստեղծել։

«Ուզում եմ, որ մեր շնորհակալությունը փոխանցենք բոլոր վարպետներին՝ հրաշալի աշխատանքների և ստեղծագործ մտքի համար», – շեշտել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանին՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման և հանրային իրազեկման ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքի համար։

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև «Խնոցի-հարոցի» խոհարարական մրցույթը, որի արդյունքներով՝

«Լավագույն մատուցում» անվանակարգում հաղթել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը
«Լավագույն համ» անվանակարգում՝ Վարդենիսի պետական Բադեյան քոլեջը
«Լավագույն մտահղացում» մրցանակը շնորհվել է Հայ-հունական պետական քոլեջին։

Արհեստների փառատոնը կշարունակվի նաև վաղը՝ հունիսի 22-ին։

  • Կիսվել: