Երբ Նիկոլ Փաշինյանի մեքենան այրեցին, նա ավելի շատ փոխհատուցում ստացավ, քան մեքենայի գինն էր. ավագանու անդամ
Նիկոլ Փաշինյանի գրասենյակի դիմաց կանգնած ավտոմեքենան հրկիզվել էր. այն ժամանակ գործող իշխանությունը արագ արձագանքեց տեղի ունեցածին. Նիկոլ Փաշինյանը ըստ օդում կախված լուրերից ստացավ փոխհատուցում, որը շատ ավելին էր քան պատճառված վնասը։ Այս մասին այսօր՝ մայիսի 20–ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը։
«Ըստ նույնատիպ լուրերի Փաշինյանը համաձայնել էր թեման չզարգացնել քանզի նյութապես շահել էր տեղի ունեցածից։ Այրվել էր «Նիվա» մակնիշի մեքենան, բայց նրան հասել էր շատ ավելին, քան «Նիվայի» գինն էր։ Այդպես էր դա, թե ոչ, կարելի է դատել «Հայկական ժամանակ» թերթի այդ օրերի հրապարակումներից ու դեպքերի հետագա ընթացքից։ 2025 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք տեղի ունեցավ նմանատիպ հանցագործություն, այրեցին Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջը պատկանող ավտոմեքենան, որը կայանված էր անմիջապես տան կողքը, և եթե Աստված մի արասցե, չհասցնեին մարել կրակը և տեղի ունենար մեծ պայթյուն, ապա մարդկային ողբերգությունը անխուսափելի էր լինելու։
Բանն այն է, որ ավտոմեքենան կայանված էր Ստեփանյանի սեփական տանը շատ մոտ, երեխաների սենյակի հարևանությամբ։ Թե ինչ ապրումներ են ունեցել երեխաները, դժվար է բառերով փոխանցել։
Նման հանցագործությունները դատապարտելի են, բայց կա մի առանձնահատկություն. ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած դեպքի, երբ աղմուկը մեծ էր, այս անգամ զարմանալիորեն լռություն է տիրում քաղաքական դաշտում։ Իշխանության ներկայացուցիչը բավարարվեց հերթապահ հայտարարությամբ և թեմային այլևս չանդրադարձավ։
Դեպքի հետ կապված կա կալանավորված անձ, բայց դեռ չկա կազմակերպողների վերաբերյալ որևէ տեղեկություն, այնինչ օր առաջ պետք է բացահայտել հենց կազմակերպիչներին ու հրահրողներին, որպեսզի պարզ դառնա հանցագործության մոտիվացիան։ Սակայն դեռ նորություն չունենք, ինչն էլ հիմք է տալիս կասկածելու, որ պարզապես բացահայտելու ցանկությունը մեծ չէ»,–ասաց նա։
Աննա Ավետիսյանը նկատեց, որ Գևորգ Ստեփանյանը անձնական տիրույթում թշնամիներ չունի, հետևաբար տեղի ունեցածը նրա հանրային գործունեությամբ է պայմանավորված. «Մայր Հայաստանը» արդեն իսկ տարածել է հայտարարություն, համաձայն որի այս հանցագործությունը գնահատում է որպես քաղաքական ահաբեկչություն, որով փորձ է արվում սահմանափակել օրվա իշխանություններին ուղղված բովանդակ (02:30) քննադատությունը և ստեղծել վախի մթնոլորտ։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին սեղմ ժամկետներում բացահայտել հանցագործությունն ամբողջ ծավալով»,– ընդգծեց ավագանու անդամը։