ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
«Էրազմուս+» ծրագրեր՝ կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում

«Էրազմուս+» ծրագրեր՝ կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված նախագծերը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաժողովին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիաննա Սարգսյանը, ինչպես նաև շահակից կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման նպատակն է հանրայնացնել Հայաստանի մասնակցությամբ իրականացվող «Էրազմուս+» նոր նախագծերից ակնկալվող արդյունքները և համագործակցության նոր հնարավորությունները, ներկայացնել դրանց բովանդակային ուղղությունները և խթանել տարբեր ոլորտների դերակատարների միջև համագործակցությունը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ որպես հավելյալ արժեք ստեղծելու հիմնարար հնարավորություն:

«Էրազմուս+» ծրագրերը՝ համագործակցության հարթակ

«Միջազգային գործընկերների հետ կայուն համագործակցությունը մեզ պարտավորեցնում է խթանել նաև տարբեր հաստատությունների և կառույցների միջև ներքին համագործակցությունը: «Էրազմուս+» ծրագրերի արդյունավետության առումով հատկապես ուրախալի է, որ բացի բարձրագույն կրթությունից՝ նաև միջին մասնագիտական հաստատությունները, երիտասարդական կենտրոններն ու սպորտային կազմակերպություններն են ներգրավված տարբեր նախագծերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա՝ այդ ծրագրերի իրականացումը Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարությունների օրակարգում է՝ առանցքում ունենալով մարդկային կապիտալի զարգացումը՝ որպես հանրային և տնտեսական կյանքի զարգացման կարևոր հիմքերից մեկը:

ԱԲ գործիքները կարևոր են դարձնում ստեղծագործելու ունակությունը

«Տեխնոլոգիական առաջընթացի դարում, երբ արհեստական բանականության գործիքակազմերը ներդրվում են տարբեր ոլորտներում, պետք է հաշվի առնել, որ դրանք ոչ թե չեղարկում են մարդու գործոնը, այլ այն ավելի կարևոր են դարձնում՝ ընդլայնելով ստեղծագործելու ունակությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընթացում ներգրավված բոլոր կողմերին՝ ուսումնական հաստատություններին, մասնակից կազմակերպություններին, փորձագետներին, միջազգային գործընկերներին: Նա ընդգծել է, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում համագործակցության արդյունքները շոշափելի և տեսանելի են ոչ միայն պետական կառույցների, այլև մեր հանրության համար՝ որպես թափանցիկության կարևոր ցուցիչ:

ԵՄ-ն կարևորում է մարդկային կապիտալի զարգացումը

ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կարևորել է «Էրազմուս+» ծրագրի արդյունավետ ընթացքը՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում մարդկային կապիտալի զարգացումն ունի առաջնային նշանակություն։

«Կրթության ոլորտում կատարվող ներդրումները նպաստում են պետության և հասարակության դիմակայունության և կայուն զարգացման բերելավմանը»,- ընդգծել է դեսպան Վասիլիս Մարագոսը։

Ներկայացվել են «Էրազմուս+» ծրագրերը՝ ըստ ոլորտների

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի գործունեությունը միտված է Եվրոպական հանձնաժողովի կողմից կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին հայաստանյան շահակիցների առավել լայն և ներառական մասնակցության խթանմանը։

Համաժողովի շրջանակում ըստ ոլորտների ներկայացվել են «Էրազմուս+» մի շարք նախագծեր․  

  • EU BRIDGE - Հայաստանում եվրոպական նախագծերի կառավարման համար բարձրագույն կրթության կարողությունների հզորացում,
  • DIGITECH - Նորարարական տեխնոլոգիաների ներդրում տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման ոլորտում,
  • VET-Caucasus - Հայաստանի և Վրաստանի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգերի հզորացում՝ հմտությունների և աշխատուժի զարգացման նպատակով,
  • PLANETONE - Երիտասարդների ներգրավում հանուն կլիմայի պաշտպանություն,
  • EcoCivic - Երիտասարդական վիրտուալ փոխանակումներ՝ հանուն կլիմայական գործողությունների և քաղաքացիական մասնակցության։

Անդրադարձ է եղել նաև սպորտի ոլորտում կարողությունների զարգացմանը։ Ներկայացվել են CC4C նախագիծը՝ ուղղված փոփոխությունների առաջնորդների ձևավորմանը, ինչպես նաև Cycle Paths նախագիծը, որը վերաբերում է հեծանվավազքի միջոցով ներառականության և բարեկեցության խթանմանը։

Համաժողովը նաև հնարավորություն է՝ մեկ հարթակում համախմբելու կրթության, երիտասարդության, սպորտի, քաղաքացիական հասարակության և միջազգային համագործակցության ոլորտների ներկայացուցիչներին։

  • Կիսվել: