Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին հղած նամակում Իրանի ղեկավարությանն առաջարկել է ընտրել ներկայացուցիչների, որոնք լիազորված կլինեն Վաշինգտոնի հետ քննարկել իրանական միջուկային ծրագիրը։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի։
Նրա խոսքով՝ Վենսն ընդգծել է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Սակայն նա հստակեցրել է, որ բանակցություններում անհրաժեշտ է առաջնահերթությունը տալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի ազգային շահերին, և Թեհրանի շահերից է բխում պատժամիջոցների ու ռազմական գործողությունների հետևանքով տուժած տնտեսության վերականգնումը, ինչպես նաև երկրի ինքնիշխանության պահպանումը։
WP-ի աղբյուրը հավելել է, որ եթե բանակցությունները վերսկսվեն, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն Իսլամաբադում կամ Դոհայում։
Թերթի տվյալներով՝ Սպիտակ տանը կարծում են, որ Ռեզային Թեհրանում շփումների համար միակ նշանակալի անձն է, որը կարող է փոխհամաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ հնարավոր համաձայնագրի շուրջ։ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Ռեզային պարբերաբար շփվում է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ և Վենսի ուղերձն ստանալուց հետո վերջին օրերին խոսել է նրա հետ։
ԱՄՆ հետախուզության գնահատումներով՝ Ռեզային կենտրոնական դեմք է Իրանի իշխանական համակարգում և հարգանք է վայելում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իր նախկին ծառայակիցների շրջանում։
Բանակցություններին մոտ կանգնած ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ Իրանի հետ հակամարտությունը մոտենում է շրջադարձային փուլի։ Նրանք ցանկանում են Թեհրանի կոշտ գծի կողմնակիցներին ցույց տալ, որ Վենսի դիվանագիտական նախաձեռնությունը լուրջ ձեռնարկում է, գրում է WP-ն։
Ըստ Axios-ի՝ Վենսը Ռեզայիին նամակում նշել է, որ Վաշինգտոնը պետք է քննարկի միջուկային հարցը Թեհրանի հետ՝ նախքան ամերիկյան հարվածները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունների վերսկսումը։



