Ե՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասին
Մենք՝ ես և գործընկերներս, դատապարտում ենք ցանկացած բռնություն, այդ թվում՝ ֆիզիկական բռնություն, որը Հայկ Կոնջորյանի եղբոր հանդեպ է եղել: Հիմա նախաքննական մարմնում է գործը: Անկախ դատաիրավական համակարգը կքննի, և կտեսնեք՝ ով ինչի համար է մեղավոր: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:
«Տեսել եմ այդ զազրելի կադրերը, թե ինչպես են մի քանի հոգով բռնություն կիրառում 1 հոգու հանդեպ, և շատ դատապատում եմ բռնության դեպքերը: Նաև շատ դատապարտում եմ, որ պաշտոնյայի հարազատ լինելու բերումով մարդիկ են թիրախավորվում»,- ասաց նա՝ միաժամանակ հայտարարելով, որ դեմ է պաշտոնայների ընտանիքի անդամների թիրախավորմանը:
Հարուցված քրեական գործի առնչությամբ Հասմիկ Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ բռնության կադրերը տեսել է, բայց հայհոյանքի կադրերը չի տեսել: Միևնույն ժամանակ նա հայտարարեց՝ և՛ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում է:
Հիշեցնենք՝ Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ, 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ծեծի համար մեղադրվողներից Նաիրի Հակոբյանը Աբովյանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է:


