Բողոքի ցույց Թբիլիսիում՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու
Այսօր՝ հունիսի 12-ին, Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի առջև, տեղի ունեցավ բողոքի ցույց «ՀԵՌՈՒ ՄՆԱ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ» խորագրով։ Ցույցը կազմակերպել էր «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը։ Միջոցառման նպատակն էր պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և բարձրաձայնել Հայաստանի իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող հարձակումների մասին, գրում է jnews.ge-ն:
Հանրահավաքի կազմակերպիչների խոսքերով՝ իրենց նպատակը ՀՀ գործող իշխանության կողմից եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումների դատապարտումն է։ Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ եկեղեցին միայն կրոնական կառույց չէ, այլ նաև հայ ժողովրդի ինքնության, ոգու և պատմական հիշողության անբաժան մաս։
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը», – ասվում է բողոքի ցույցի մասնակիցների հայտարարությունում։
Ցույցին մասնակցում էին մի քանի տասնյակ անձինք՝ հիմնականում Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները պահում էին պաստառներ, որոնց վրա պատկերված էին Հայաստանի այն քաղաքական գործիչները, ովքեր, կազմակերպիչների համոզմամբ, արել են հակաեկեղեցական հայտարարություններ։ Ցուցարարները դատապարտում էին պետական այն մոտեցումը, որը, նրանց կարծիքով, նպատակ ունի խարխլել եկեղեցու դերը հայ հասարակության կյանքում։
«Վրաստանի հայ համայնք» հկ-ի տնօրեն Արթուր Միզոյանը հանդես եկավ ելույթով, կոչ անելով միասնական լինել և չթողնել, որ որեևէ մեկը խառնվի եկեղեցու հարցերին: