Բենզինի կտրոններ, ծրարներ, կնիք, ինտերնետ․ ի՞նչ է արել ԿԸՀ-ն հանրաքվեի գումարից ծախսած մոտ 250 հազար դոլարը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն 125 մլն 601 հազար դրամ՝ մոտ 250 հազար դոլար ծախսել է չեղարկված սահմանադրական հանրաքվեի գումարից: Այս մասին NewArmenia.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ԿԸՀ-ից:
Ինչպես հայտնի է, ԱԺ-ն հավանություն տվեց հանրաքվեն չեղարկելու նախագծին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այս տարվա փետրվարի 20-ին Կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 3,5 միլիարդ դրամ հատկացրեց՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կազմակերպելու համար։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի 6 անդամների պաշտոնավարումը դադարեցնելուն էր վերաբերում։
3,5 միլիարդը հատկացվել էր ԿԸՀ-ին ու ոստիկանությանը: 660 մլն դրամով ԿԸՀ-ն հանրաքվեի օրը տեղամասերի մեծ մասում՝ առնվազն 1500-ում պետք է տեսախցիկներ տեղադրեր և ապահովեր քվեարկության ընթացքի ու արդյունքների ամփոփման առցանց հեռարձակումը, որը պետք է իրականացներ «Յուքոմը»։
Ըստ ԿԸՀ-ի՝ թե այս գումարից որքանն է ծախսվել, հայտնի կդառնա «Յուքոմի» հետ պայմանագրի դադարեցումից հետո: Ասել է թե՝ չնայած հանրաքվեն փաստացի չեղարկվել է, «Յուքոմի» հետ պայմանագիրը չի չեղարկվել:
Բացի առցանց հեռարձակման ապահովման գումարից, կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացել էր ևս 2 մլրդ 553 մլն դրամ՝ հանրաքվեի կազմակերպչական այլ ծախսերի համար: Ըստ ԿԸՀ-ի՝ իրենք փետրվարի 11-ից են սկսել նախապատրաստական աշխատանքները: 11.2 մլն դրամով տարածքային ընտրական հանձնաժողովների համար գրենական պիտույքներ են ձեռք բերել, 12մլն դրամի բենզինի կտրոնների՝ ՏԸՀ-ների համար: 29 մլն դրամի կնիքներ են ձեռք բերել՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների համար:
14.6 մլն ԿԸՀ-ն ծախսել է ձևաթղթեր, վկայականներ և պաստառներ տպելու համար: 41.4 մլն դրամով ԿԸՀ-ն ձեռք է բերել ընտրողներին տրամադրվող ծրարվեր, ստվարաթղթե քվեախցեր և այլն: Ոստիկանությանը Կառավարությունը մոտ 250 միլիոն էր տվել՝ ընտրողների ցուցակները կազմել-տպելու, նաև՝ հանրաքվեի ծանուցման ծախսերի համար։
Արդեն տեղեկացրել ենք, որ Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը մեր հարցին ի պատասխան ասել է, թե «3,5 միլիոն դրամի թուղթ եւ տպիչների քարթրիջ են գնել, ծանուցումների համար նախատեսված 248 միլիոնը չի ծախսվել»: Հստակեցմանը, թե 248 մլն դրամը վերադարձվե՞լ է բյուջե, Ահարոնյանը պատասխանել է, որ այդ գումարը հատուկ հաշվեհամարին է: