Բարեգործի հետ նման կերպ վարվելը աններելի է. Ծառուկյանի դուստրերը դատարանի բակում են
Նման պահվածքն ուղղակի աններելի է, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը։
«Բարեգործի հետ նման կերպ վարվել՝ մտնել տուն, ձեռքերը շղթայել, տունը խուզարկել, հնարավոր ու անհնար միջոցներն օգտագործեցին, ինչ ասեք արեցին ու որևէ լուրջ բան չգտնելով՝ գալ ու գտնել ինչ-որ կենդանիներ, որ մարդը տարիներ շարունակ պահել է, բազմաթիվ անգամներ դուք տեսել եք այդ կենդանիներին, դա գաղտնիք չի եղել, դա իր հոբբին է եղել»,- նշեց Ռոզա Ծառուկյանը։
Ռոզա Ծառուկյանը հիշեցրել է՝ մեկ անգամ արդեն անցել են այս ամենի միջով, երբ տունը խուզարկել են, Գագիկ Ծառուկյանին կալանավորել, գործարաններ փակել, գործունեություն դադարեցրել, հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներն օգտագործել:
«Ինչ ասեք՝ արեցին այս ութ տարվա ընթացքում: Որևէ հիմք, որևէ լուրջ բան չգտնելով՝ հիմա գալ ու գտնել ինչ-որ կենդանիներ, որ մարդը տարիներ շարունակ պահել է, գաղտնիք չի եղել, դա իր նախասիրություն է, մանկուց այդ կենդանիներին պահում ենք, թոռնիկների հետ, գնում կերակրում են կենդանիներին, բադիկներին: Դա այն տարածքն է, որտեղ ընտանիքով ժամանակ են անցկացնում, ձուկ են որսում ու այդ ամեն ինչը հիմա տեսնել, նկատել ու կենդանիներին քնեցնել, տեղափոխել Կենդանաբանական այգի, որտեղ եղած կենդանիներին նորմալ չեն կարողանում պահել, սա ուղղակի թող մարդիկ դատապարտեն, տեսնեն ու եզրակացություններն իրենք անեն»,-նշել է նա:
Ծառուկյանի դուստրը հավելել է, որ սա էլ է անցնելու, բայց կյանքում բաներ կան՝ անդառնալի փոփոխություններ են բերում:
«Աստվածաշնչյան պատգամներով են առաջնորդվում, պատարագների են գնում, սաղմոսներ են ասում, բայց քրիստոնյայի կյանքն ամենօրյա աշխատանքի մեջ է, ամենօրյա ապրելու ձև է, չես կարող ուրիշ բան խոսել, ուրիշ բան անել։ Ուզում եմ ուղղակի ասել՝ մարդը մարդուն չի կարող դատել։ Բոլորի դատավորն Աստված է, որ երկնքում նստած տեսնում է բոլորի արած գործերը:
Սա էլ կանցնի, մենք այս դատական գործընթացով անցել ենք, հայրս կալանքի մեջ եղել է մեկ ամիս, ամուսինս էլ այս պահին տնային կալանքի մեջ է, կանցնի, վստահ եմ՝ ամեն ինչ կանցնի: Մենք կարողանալու ենք դիմակայել ու այս փորձությունն էլ անցնել, բայց թող ժողովուրդը հասկանա՝ անդառնալի բաներ կարող են լինել մեր երկրում, մեր պետականության, մեր կրոնի, մեր մշակույթի փոփոխության մեջ, որ դրանք հնարավոր է՝ երբևէ չկարողանանք վերականգնել:
Ինչպես հիմա այս տոտալ անգրագիտության, անարդարության պտուղներն ենք քաղում, սրա սերմերը տարիներ առաջ են տնկվել, այսպես ասած, իսկ այժմյան սերմերը, որ տնկվում են, սրա պտուղները մեր երեխաներն են քաղելու, ցավոք: Ուզում եմ՝ բոլորը սթափ լինեն, զգոն լինեն, ճիշտ մտածեն, ճիշտ ապրեն, դադարեն իրար քննադատել, դադարեն «ձվի մեջ մազ ման գալ», իսկ Աստված վերևն է, ես վստահ եմ, որ ամեն ինչ արդար է լինելու»,-հավելել է նա։



