ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
Բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինն էլ բախվել է երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ

Բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինն էլ բախվել է երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Հ. Աճառյան և Առինջ գյուղ տանող խաչմերուկում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Վահե Երիցյանն ու Հարություն Գևորգյանը և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոց։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանն ու վաշտի հրամանատար Սարգիս Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: