Այսօրվանից մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում.
Այսօրվանից սկսած մինչև հունիսի 27-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 24-ին և 27-ին։ Հատկապես գիշերը և երեկոյան ժամերին հանրապետության մեծ մասում կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա։ Հունիսի 25-ին և 26-ին ցիկլոնն իր ազդեցությունը կթողնի հիմնականում Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններում»,– ասաց «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նշել է, որ ցիկլոնն իր հետ այսօրվանից բերել է ցուրտ օդային հոսանքներ։ Հունիսի 24-ին ցերեկվա ժամերին օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, բայց ՀՀ ամենատաք հատվածներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, ջերմաստիճանը չի գերազանցի 30+ աստիճանը։
Հունիսի 28-ից սկսած այս ցիկլոնն իր ուժը կկորցնի, տեղումները ժամանակավորապես կդադարեն։ Հունիսի 28-30-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա։
Խոսելով ձմռան և գարնան տեղումների մասին, Սուրենյանը շեշտեց, որ դրանք եղել են նորմայից ավելի։ Փետրվարին ու մարտին եղել են հատվածներ, հատկապես Արագածի հարավային լանջերին, երբ տեղումների քանակը եռակի և քառակի անգամ է նորմայից ավելի։
«Ես շուրջ 25 տարի լինում եմ լեռներում և չեմ հիշում այնպիսի դեպք, երբ հունիսի 20-25-ի դրությամբ ծովի մակերևույթից 2700-2800 մ բարձրության վրա լինեն 3-4 մ ձնաբծեր։ Առանձին հատվածներ կան, որտեղ ձնաբծերը հասնում են նույնիսկ 6 մետրի։ Ավելին, 2900-3000 մ բարձրության վրա դեռ առկա է համատարած ձնածածկույթ։ Ակնալճի և Քարե լճի վրա դեռևս սառցաշերտեր կան, այն դեպքում, երբ մինչև մայիսի 25-ն արդեն հալված է լինում»,– ասաց Սուրենյանը։
Ինչ վերաբերում է հուլիսի ջերմաստիճանի կանխատեսմանը, ապա Սուրենյանը շեշտեց, որ ողջ տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։
«Տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի։ Այսինքն ունենալու ենք ոչ շատ շոգ ու բավարար տեղումներով հուլիս։ Հիմնական ջերմաստիճանները ամսվա ընթացքում հանրապետության շրջաններում ցերեկային ժամերին կտատանվեն +24 - +28 աստիճան, նախալեռնային հատվածներում` +30 - +32, հովտային գոտիներում` +32 - +35»,– ասաց Սուրենյանը։
Նրա խոսքով` չեն բացառվում առանձին օրեր, հատկապես երրորդ տասնօրյակում, որ օդի ջերմաստիճանը հանրապետության հովտային գոտիներում` Սյունիքի, Տավուշի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում, կտատանվի +38 - +40 աստիճանի սահմաններում։
Սուրենյանը պնդեց` ընդհանուր առմամբ` հուլիսի մեծ մասը հանրապետությունում լինելու է կոմֆորտ ջերմաստիճան։



