հինգշաբթի, հոկտեմբեր 8
8 / 10 / 2026
Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով. Փաշինյանը՝ անհայտ կորածների խնդրի մասին

Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք հարցն օգտագործում են քաղաքական նպատակներով. Փաշինյանը՝ անհայտ կորածների խնդրի մասին

Անհայտ կորած անձանց հարազատների հետ հանդիպումների ընթացքում նրանց ակնկալիքն այն է, որ հարցը միշտ լինի մեր ուշադրության կենտրոնում, և հարցը միշտ մեր ուշադրության կենտրոնում է։ Նաև ՄԱԿ-ի ամբիոնից եմ այդ թեմայի մասին խոսել։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանում կրկին բարձրաձայնել են անհայտ կորած անձանց առնչվող հարցերը, ինչպես նաև անհատական ու զանգվածային գերեզմանների քարտեզներն ադրբեջանական կողմին վերադարձնելու մասին։

«Իրադրությունը հետևյալն է. Ադրբեջանն ունի անհայտ կորածներ, մենք ունենք անհայտ կորածներ, այդ հարցը հնարավոր է լուծել համագործակցության միջոցով՝ փորձելով պարզել գտնվելու վայրը, անհայտ անձանց ճակատագրերը, և մենք պատրաստ ենք համագործակցության, և ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցության։

Այլ բան է, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որոնք հարցը քաղաքական նպատակներով օգտագործում են, այսինքն՝ թշնամական խոսույթներ գեներացնելու և այլ նպատակներով»,- ասաց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ 90-ականներից մինչ օրս մենք մոտ 1000 անհայտ կորած քաղաքացի ունենք։

«Մենք պատրաստ ենք համագործակցել։ Նաև երկու երկրների համապատասխան հանձնաժողովների աշխատանքները, համագործակցությունը սերտացնելու վերաբերյալ քննարկում ենք ունեցել Ադրբեջանի նախագահի հետ Բիշքեքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ պետք է հասկանալ, որ այդ մարդկանց գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկության սակավություն կա, այսինքն՝ գտնվելու վայրը անհայտ է, ոչ ոք չգիտի, թե որտեղ են այդ մարդիկ։

«Ադրբեջանի որոշ շրջանակներ երբեմն փորձում են տպավորություն ստեղծել, թե, օրինակ, մենք գիտենք, թե որտեղ են այդ մարդիկ, և զլանում ենք տեղեկատվությունը կիսել, բայց այդպես չէ։ Նույնը մենք կարող ենք ասել նաև իրենց դեպքում։ Բայց ես կարծում եմ, որ ճիշտ մոտեցումն այն է, որ համագործակցենք, խնդիրը լուծենք, այդ էջը փակենք, ի վերջո»,- ասաց նա։

  • Կիսվել: