Այսօր ԱԺ-ում քննարկվելու է ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանելու նախագիծը
Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստում կքննարկվի տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու վերաբերյալ օրինագիծը։
Օրերս Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է այս նախագիծը։
Նախագծով առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար։ Ինչպես նաև առաջարկվում է սահմանել վարչական տուգանք առանց վճարման ծառայությունից օգտվող անձանց համար։ Առաջարկվում է ներդնել նշված զանցանքների կանխարգելման և բացահայտման համար մեխանիզմներ:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Ըստ նախագծի այն քաղաքացիները, որոնք չեն վճարում տրանսպորտից օգտվելիս, տուգանվելու են 10000 դրամի չափով, իսկ, նրանք, որոնք օգտվելու են, ենթադրենք, իրենց ընտանիքից մեկ այլ անդամին տրված արտոնությունների փաթեթից, տուգանվելու են 15000 դրամի չափով։
Նշենք, որ նախագծով սահմանված է․ «Ներհամայնքային համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունը իրականացնում են համայնքի ղեկավարի կողմից լիազորված համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները:
Տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման նպատակով լիազորված անձինք կարող են օգտագործել տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, այդ թվում՝ տեսանկարահանել, լուսանկարահանել, ձայնագրել, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար:
Ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոցը նստելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել (տրանսպորտային միջոցում տեղադրված համապատասխան սարքի միջոցով հաստատել տեղական վճարը վճարված լինելու կամ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնությամբ փոխադրվելու իրավունք ստացած լինելու հանգամանքը) տեղական վճարի վճարման կրիչը (համապատասխան քարտը, թղթային կամ էլեկտրոնային կտրոնը և այլն) և մինչև ուղեւորության ավարտը իրենց մոտ պահպանել վավերացված կրիչը և տեղական վճարի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց պահանջի դեպքում տրամադրել այն տեղական վճարի վճարումը և վավերացում կատարված լինելու հանգամանքը ստուգելու նպատակով, որը չներկայացնելու բացասական հետևանքները կրում է ուղևորը: Նշված հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու համար:
Լիազորված անձինք իրավունք ունեն տեղական վճարի վճարման միջոց չունեցող անձին շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ դիմապատկերով նույնականացնելու նպատակով բնակչության պետական ռեգիստրից ստանալ տեղեկատվություն և սույն մասում նշված անձանց կողմից նույնականացումից հրաժարվելու դեպքում դիմել ոստիկանություն՝ սույն մասում նշված անձանց նույնականացնելուն կամ իրենց լիազորություններն իրականացնելուն աջակցելու, իսկ տեղում դրա անհնարինության դեպքում՝ այդ անձանց ոստիկանություն տեղափոխելու նպատակով»:
Նախագիծն այսօր կքննարկվի Ազգային Ժողովում։