ՀՀ գործող իշխանությունը Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ. Բեգլարյան
Արցախի նախկին ՄԻՊ և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փախստականների համաշխարհային օրը արձանագրենք, որ Արցախի ժողովուրդը փախստական է դարձել իր դեմ իրականացված ցեղասպանական քաղաքականության հետևանքով:
Իսկ հիմա մեր մայր հայրենիքում արցախցիների հիմնական մասը ծանրագույն վիճակում է, մի զգալի մասն էլ ստիպված արտագաղթել է: Ալիևյան ցեղասպանական ռեժիմն էլ ակտիվորեն ոչնչացնում է մեր մշակութային ժառանգությունն ու բնակավայրերը:
Այս պայմաններում, մեր բոլոր հիմնախնդիրների հիմնարար լուծումը հայրենի Արցախ մեր ժողովրդի հավաքական վերադարձն է, ինչպես միջազգային իրավունքն է ենթադրում: Իսկ նախքան այդ՝ մենք պետք է Հայաստանում ունենանք արժանապատիվ ու կայուն կեցության պայմաններ՝ միաժամանակ ներդրում ունենալով Մայր Հայաստանի զարգացման ու զորացման գործում:
Ցավոք, այսքանը չի գիտակցում ու կարևորում գլխավոր սուբյեկտը՝ ՀՀ գործող իշխանությունը, որը, հակառակը, Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ:
Վստահ եմ, որ սա այսպես չի մնա, պարզապես պետք է շարունակել հետևողական կերպով պայքարել հանուն մեր հավաքական իրավունքների: