Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով
Աշխատանքային կենսաթոշակի նշանակման նպատակով ներկայացված դիմումների վերաբերյալ որոշումներն այսուհետև կուղարկվեն ինքնաշխատ եղանակով՝ դիմումում նշված հեռախոսահամարին SMS հաղորդագրության միջոցով։
Այս մասին հայտնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը։
«Որոշմանը ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել SMS հաղորդագրության մեջ նշված հղումով և բացել ծանուցագիրը։ Ծանուցագիրը պարունակում է տեղեկատվություն կենսաթոշակի նշանակման ժամկետի և չափի, հաշվարկված աշխատանքային ստաժի, կամ կենսաթոշակ նշանակելը մերժելու պատճառների վերաբերյալ»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 114 հեռախոսահամարով, գրավոր դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ այցելել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։



