Արթուր Վանեցյանի և նրա ընտանիքի անդամի հեռախոսներում հայտնաբերել եմ «Պեգասուս»․ փորձագետը գրեթե վստահ է, որ դա արել են ՀՀ հատուկ ծառայությունները
Կիբերանվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանն այսօր լրտեսական ծրագրերի և դրանց օգտագործման նպատակների վերաբերյալ ՛՛Հետք՛՛-ի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է, որ ուսումնասիրել է Արթուր Վանեցյանի և նրա ընտանիքի անդամների հեռախոսները։ ՛՛Ոչ միայն իր, նաև ընտանիքի անդամի հեռախոսի մեջ եմ հայտնաբերել ՛՛Պեգասուս՛՛,-նշել է նա:
Մուրադյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանը հիմքեր ունի մեղադրելու Հայաստանի հատուկ ծառայություններին՝ իրեն ՛՛Պեգասուսով՛՛ գաղտնալսելու համար:
՛՛Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՛՛Պեգասուսը՛՛ վաճառվում է միմիայն պետություններին, որ NSO Group-ը շատ ուշադիր հետևում է, որ միջսահմանային ներթափանցումներ չլինեն, տեսնելով՝ ինչպես է ՀՀ ԱԱԾ-ն 8 օր շարունակ լռել այս դեպքի մասին, ապա միայն այն բանից հետո, երբ արդեն պետական լրատվական գործակալություն ՛՛Արմենպրեսը՛՛ հարցրել է ԱԱԾ-ից՝ էս ի՞նչ են խոսում, ԱԱԾ-ն ասել է՝ մենք այդպիսի բան չենք կիրառում։ Այսինքն՝ 8 օր լռել են, մարդու մոտ չեն գնացել, ասել՝ քո նկատմամբ հանցագործություն է կատարվել, հասկանանք՝ ինչ է եղել։ Չեն հետաքրքրվել՝ այդքան բանը, որ պնդում է, որտեղի՞ց է պնդում։ Ու ամենակարևորը՝ տեղի է ունեցել ապատեղեկատվական արշավ, սև PR։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր գրել՝ ով ինչ ուզի, կասի՝ մոռանալով, որ Արթուր Վանեցյանը հրապարակել էր Apple-ի մեյլը։ Ու ամենակարևորը՝ բոլորը փորձում էին ձևացնել, թե մենք էլ ենք ստացել, ինչ է եղել, որ․․․՛՛,- Արթուր Վանեցյանի կողմից իրեն լրտեսական ծրագրով գաղտնալսելու վերաբերյալ հրապարակային հայտարարությանը հաջորդած զարգացումներին անդրադառնալով՝ ասել է փորձագետը։
Ռուբեն Մուրադյանը շեշտել է, որ լրտեսական ծրագրեր արտադրող ընկերությունները միշտ հայտարարում են, որ աշխատում են պետությունների հետ, որպեսզի իրենց չմեղադրեն վնասակար ծրագիր մշակելու մեջ։ Վնասակար ծրագրերի մշակումը, տարածումն ու կիրառումը նաև Հայաստանի Հանրապետության տարածքում են քրեորեն պատժելի արարքներ համարվում, իսկ շահագրգիռ մարմին հանդիսացող ԱԱԾ-ն Արթուր Վանեցյանի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո, չանելով ոչ մի քայլ, ավելի է ամրապնդել կասկածները, որ Հայաստանի հատուկ ծառայությունները օգտվում են լրտեսական ծրագրից, այդ պատճառով էլ հետամուտ չեն տվյալ հանցագործության բացահայտման գործում։
՛՛Այդ վնասակար ծրագրերի մշակման, տարածման ու կիրառման գործողությունները ՀՀ տարածքում պատժվում են։ Բայց ոչ ոք չի գնացել ու չի ասել՝ ձեր նկատմամբ հանցագործություն է կատարվել։ Եվ այն փաստը, որ բոլոր հետաքրքրված մարմինները ոչ մի գործողություն չարեցին, նաև իմ ներկայացրած մյուս կետերի վրա հիմնվելով, համարյա թե վստահ եմ, որ դա ՀՀ հատուկ ծառայություններն էին՛՛,-ասել է Մուրադյանը։