հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Առողջության ապահովագրության բազային փաթեթը կծածկի մահվան հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների բուժմումը. Ավանեսյան

Առողջության ապահովագրության բազային փաթեթը կծածկի մահվան հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների բուժմումը. Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման սկզբնական փուլում մտադիր ենք ծածկել այն հիվանդությունների բուժման ծախսերը, որոնք մահվան ամենատարածված պատճառներն են և կազմում հիվանդությունների ամբողջ սպեկտրի 30 տոկոսը: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության ժամին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ սոցիալական փաթեթի շահառուներից մեկը, որն էնդոպրոթեզավորում է անցնում, իրեն է մոտեցել բողոքով, որ սոցփաթեթը չի ծածկում էնդոպրոթեզի արժեքը։ «Պարզվում է, որ մենք անձին խոստանում ենք անվճար բժշկական օգնություն, այնինչ այնքան էլ անվճար չէ»,-նշեց նա:

Ի պատասխան՝ Ավանեսյանն ասաց, որ մեր երկրում բժշկական ծառայություններն անվճար չեն. Դրանց համար միշտ մեկը վճարում է՝ պետությունը կամ բուժառուն։

«Պետպատվերի դեպքում մատուցվում են ծառայություններ, որոնք պետությունը փոխհատուցում է կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն, և ձեր բերած օրինակը վերաբերում է վերջինիս։ Այս կոնկրետ օրինակում բժշկական ապահովագրությունը կծածկի ոչ միայն վիրահատության, այլև էնդոպրոթեզի արժեքը՝ մինչև 600 հազար դրամ։ Եթե պրոթեզն ավելի թանկ է, ապա բուժառուն ստիպված կլինի վճարել»,-նշեց նախարարը:

Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն էլ ասաց, որ այսօր լրատվամիջոցներում կամ սոցիալական ցանցերում անընդհատ կարելի է կարդալ թանկարժեք բուժման համար դրամահավաքի մասին: Նա հարցրեց, թե արդյոք բժշկական ապահովագրության ներդրումից հետո՞ էլ դա կշարունակվի։

«Այո՛, տիկին Ստեփանյան, քանի որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ բոլոր բժշկական ծառայությունները ծածկի պետությունը կամ առողջության բազային ապահովագրությունը», - պատասխանեց նախարարը։

Նա հիշեցրեց, որ 2018 թվականին Առողջապահության նախարարության բյուջեն կազմել է 81 միլիարդ դրամ, որից հետո պետպատվերի շրջանակը կայուն կերպով ընդլայնվել է՝ 2025 թվականին հասնելով 168 միլիարդ դրամի:

«2026 թվականին՝ առողջության ապահովագրության ներդրումից հետո, մենք ավելի կընդլայնենք այս շրջանակը: Ծառայությունների գները մոտ կլինեն իրական ծախսերին, և մենք կկարողանանք բավարար չափով փոխհատուցել։

Բազային ապահովագրության ներդրման սկզբնական փուլում մենք մտադիր ենք ծածկել այն հիվանդությունների բուժման ծախսերը, որոնք մահվան ամենատարածված պատճառներն են և կազմում են հիվանդությունների ամբողջ սպեկտրի 30 տոկոսը: Այնուհետև, Հայաստանի ՀՆԱ-ի և հարկերի աճին զուգահեռ, այդ շրջանակն աստիճանաբար կընդլայնվի»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: