երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Արմավիր քաղաքում ուժեղ քամին շինության մոտ 500 քմ թիթեղյա տանիքը երկաթներով պոկել ու շպրտել է. տեղում աշխատում են փրկարարներն ու պարեկները

Արմավիր քաղաքում ուժեղ քամին շինության մոտ 500 քմ թիթեղյա տանիքը երկաթներով պոկել ու շպրտել է. տեղում աշխատում են փրկարարներն ու պարեկները

Այսօր՝ հունիսի 30-ին, ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող քարե շինության մոտ 500 քմ տանիքի թիթեղյա հատվածը քամին պոկել ու շպրտել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։

Փրկարարները մոտ 2 ժամից ավելի հատուկ էլեկտրական սղոցով մասնատեցին պոկված թիթեղներն ու տեղափոխեցին անվտանգ վայր։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և օրվա պատասխանատու հերթապահ, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասվել է շենքի տակ կայանված 7 տրանսպորտային  միջոց, էլեկտրական լարեր, ծառեր են կոտրվել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության ծառայողները։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի   հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկանալով Արմավիրի մարզպետի և Արմավիրի քաղաքապետի հանձնարարականով ժամանել են նաև տեղական կառույցների ներկայացուցիչները, ովքեր պարզում են վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը և վնասի չափը։

  • Կիսվել: