Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին
Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին:
ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրել է համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկրից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցել համաժողովի աշխատանքների մասին։
Այնուհետև հյուրերին իր հայրապետական օրհնությունն ու պատգամն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։
Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձել է դատավորի կարևոր առաքելությանը աշխարհում արդարություն հաստատման, մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության գործում՝ կարևորելով արդարադատության բարոյահենք համակարգի ամրապնդումը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը պատգամել է դատավորներին իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը, որ իրական արդարությունը բխում է առ Աստված հավատքից և դրսևորվում է սիրով։
Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը կարևորել է միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղհանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողություններին։